Բեյրութի երկու հայեր նշանակվել են Լիբանանի կառավարության բարձր պաշտոններում


14:56 , 8 օգոստոս, 2017

Ծագումով հայ երկու լիբանանցի պետական գործիչներ նշանակվել են երկրի կառավարության բարձր պաշտոններում։

«Հուրի Տեր-Սարգսյանը նշանակվել է Լիբանանի կառավարության գլխավոր ֆինանսական վերահսկիչ (նախարարական պաշտոն), իսկ Արա Խաչատուրյանը՝ Կոլումբիայում Լիբանանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,-հայտնում է հայ-լիբանանյան Aztag Daily պարբերականը։

Միևնույն ժամանակ ծագումով հայ լիբանանցի բարձրաստիճան դիվանագետ Վազգեն Կավալյանն ավարտել է առաքելությունը Ղազախստանում դեսպանի պաշտոնում և շուտով նշանակում կստանա նոր երկրում։

Տարբեր գնահատականներով՝ Լիբանանում ներկայում բնակվում է մոտ 140-165 հազար հայ, ում նախնիներն այդ մերձավորարևելյան երկիր են տեղափոխվել XX դարի սկզբին՝ փախչելով Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից։