Ատկատների գիտակ չինովնիկների հնարքները


11:56 , 6 ապրիլ, 2013

«Ժողովուրդ»-ում կարդում եմ, որ պարզվում է, որ Սեյշելյան կղզիներում գրանցված ինչ-որ ընկերություններ մոտ 23.6 միլիոն ներդրումներ են արել Հայաստանի տնտեսության մեջ, որից մոտ 20 միլիոնը՝ հեռահաղորդակցության ոլորտ։  
Հասկանալի է, որ օֆշորային գոտու համբավ ունեցող այդ պետության 25000-անոց ժողովրդի մեծ մասը սկի տեղյակ էլ չի, որ Հայաստան անունով պետություն կա, էլ չխոսեմ, որ ինչ-որ ներդրումներ կարող են անել։ Իրականում, ինչպես թերթն է նկատում, մենք գործ ունենք մեր հալալ-զուլալ ու ատկատների մեծ գիտակ չինովնիկների ու իշխանական բուրգի ներկայացուցիչների հետ, ովքեր,Հայաստանում գռփած իրենց կեղտոտ փողերը լվալով, հետ են բերում արդեն մաքուր։ Ճիշտ է, տիեզերական բարդություն չի ներկայացնում իրենից այս սխեման, բայց դե մի քանի աստիճան ունի...
Ինչևիցե, ես շատ կուզենայի, որ նույն Սեյշելյան կղզիներում և այլ օֆշորային գոտիներում, որտեղ վաղուց արդեն տնավորվել են մեր ազգընտիրների կեղտոտ փողերի լվացքատները, պատահեր այն, ինչ պատահեց Վիրջինյան կղզիներում և Կիպրոսում։
Հիշեցնեմ, որ Վիրջինյան կղզիներում տեղեկատվական արտահոսք եղավ, որի արդյունքում բացահայտվեցին 120 հազարից ավելի օֆշորային ընկերություններ, որոնք պատկանում են 130 հազարից ավելի տարատեսակ չինովնիկների ու օլիգարխների՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Դե իսկ Կիպրոսում էլ եղավ այն, ինչ 30-ականներին կկոչվեր կուլակաթափություն. Եվրոպան բռնեց ու առանց ներողության խլեց էլի նույն «ազգընտիրների» ու երկրներ քանդողների՝ տարիներով ու քրտնաջան աշխատանքի գնով կուտակված գումարները և ըստ երևույթին չի էլ պատրաստվում վերադարձնել։ Նույնն էլ Սեյշելյան ավանդներին եմ մաղթում, որովհետև խիստ կասկածում եմ, որ ասենք Նուբարաշենում բնակվող թոշակառու տատիկը, կամ Կոմիտասում բնակվող ինժեները, կամ Իջևանում բնակվող խոպանչու ընտանիքը իրենց համեստ միջոցները օֆշորային գոտիներում պահեն, այնպես որ տուժողը մենա՜կ մեր «հարենասերները» կլինեն, եթե այնքան հիմար չգտնվեն, որ հետևություններ չանեն համաշխարհային տնտեսության մթնոլորտի փոփոխությունից ու գռփած փողերը հետ չբերեն երկիր ու գոնե այդ կերպ օգուտ տան մեր տնտեսությանը :)