10 բան Հայաստանի մասին, որ անհրաժեշտ է պատմել յուրաքանչյուր զբոսաշրջիկի


22:45 , 6 օգոստոս, 2017

Հայաստանը յուրօրինակ երկիր է, որտեղ այցելելիս զբոսաշրջիկներն ամեն անգամ մի նոր բան են բացահայտում: Նրանց, ովքեր պլանավորում են Հայաստան այցելել, այս 10 երևույթների մասին իմանալը չի խանգարի:

1. Ծիրանն ու Հայաստանը

Եվրոպայում երկար ժամանակ ծիրանն անվանում էին հայկական սալոր, քանի որ այնտեղ այս միրգը տարածում էր գտել հենց հայերի կողմից:

2. Հանրահաշվական խնդիրների հնագույն դասագիրքը

Ամենահին դասագիրքը գրել է հայ մաթեմատիկոս և գիտնական Դավիթ Անհաղթը, ով ապրել է VI դարում: Դասագրքի ցուցանմուշը ցուցադրվում է Երևանի Մատենադարանում:

3. Հայկական կոնյակ

Հայկական արտադրության կոնյակը համարվում է աշխարհում միակ ալկոհոլային խմիչքը, որն իր բարձր որակի շնորհիվ ֆրանսիացիներից «իրավունք» է ստացել կոչվելու կոնյակ: Սա այն դեպքում, երբ մնացած բոլոր կոնյակային խմիչքները կոչվում են բրենդի: Հայկական կոնյակը Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքն էր, ինչպես նաև գրող Մաքսիմ Գորկու:

4. Հայկական լավաշը հատուկ թոնիրներում են թխում

Թոնիրը ստորգետնյա վառարանն է, որում լավաշ են թխում՝ հայկական բարակ հաց: Այն պատրաստում են ալյուրից, ջրից և քիչ քանակությամբ աղից: Լավաշը կարելի է պահել մեկ տարի շարունակ և այն չի փչանա:

5. Հայաստանը հնագույն պետությունն է գինեգործության ոլորտում

Հայաստանի և Իռլանդիայի հնագետների խմբերը 2007 թ. Արենի գյուղում հայտնաբերեցին գինեգործարան, որը 6100 տարվա պատմություն ունի: Դրա մեջ գտան կժեր՝ նախատեսված խմիչքի պահպանման համար, խմորիչ և գինեգործության համար կարասներ: Ներկայում մեր երկիրը համարվում է ամենահինը գինեգործության մեջ:

6. Հայ կայսրերը Բյուզանդիայում

Բյուզանդիան ունեցել է հայկական ծագում ունեցող 20 կայսր:

7. Քրիստոնեությունը Հայաստանում

Հայաստանն առաջինն էր, որ քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն 301 թ. Տրդատ III արքայի օրոք՝ Գրիգոր Լուսավորչի մկրտությամբ:

8. Հայկական դպրոցներում շախմատ են ուսուցանում

Հայաստանի բոլոր դպրոցների պարտադիր ծրագրի մեջ մտնում է շախմատ առարկան: Այս սպորտաձևը մեծ տարածում ունի մեր երկրում: Լուսանկարում պատկերված է Տ.Պետրոսյան անվան շախմատի տունը, որտեղ պարբերաբար մրցումներ են անցկացվում:

9. Խորհրդային Միության հայ հերոսները

Չարդախլու (Խաչիսար) անունով հայկական գյուղում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում, ծնվել են ԽՍՀՄ 7 հերոսներ, 12 գեներալներ, 2 մարշալներ, որոնք, իհարկե, հայկական ծագում ունեին:

10. Հայաստանի մայրաքաղաքն անվանում են նաև «վարդագույն քաղաք»

Երևանի շենքերը հիմնականում կառուցված են տուֆից՝ բնական քարից, որը վարդագույնի տաբեր երանգներ է ունենում: Հենց այս պատճառով էլ Երևանը հաճախ անվանում են վարդագույն քաղաք: