Ալեքսիս Օհանյանի Reddit-ը ստացել է 200 միլիոն դոլար ներդրում


06:18 , 5 օգոստոս, 2017

168.am-ը գրում է․

Recode-ը տեղեկացնում է, որ հայազգի Ալեքսիս Օհանյանի հիմնադրած սոցիալական ցանցը՝  Reddit-ը, ստացել է $200 միլիոն ներդրում: Սա ընկերության պատմության ամենամեծ  ներդրումն է: Ըստ աղբյուրի՝ այժմ սոցցանցը գնահատվում է $1.8 միլիարդ: Այս մասին աղբյուրին է տեղեկացրել ընկերության համահիմնադիր Սթիվ Հոֆմանը:

Ներդրումն իրականացվել է Սիլիկոնային հովտում հայտնի մի շարք ընկերությունների կողմից: Դրանց ցանկում են նաև Andreessen Horowitz և Sequoia Capita ընկերությունները: Ներդրմանը մասնակցել են նաև Coatue, Vy Capital, Fidelity վենչուրային ֆոնդերը, Y Combinator-ի ղեկավար Սեմ Ալթմանը՝ որպես անհատ ներդրող, և  Ռոն Կոնվեյը(SV Angel):

Հոֆմանը նշել է, որ ներդրումն օգտագործվելու է բիզնեսի առաջխաղացման համար: Ըստ Հոֆմանի՝ հիմա կան մի քանի բաց տեղեր, որոնք կլրացվեն հենց այս ներդրման շնորհիվ: Խոսքը, մասնավորապես, սոցցանցի web տարբերակի թարմացման և օգտատերերի բեռնած տեսանյութերի հետ աշխատանքի մասին է: