09:16 , 6 ապրիլ, 2013
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
(գրվել է 2009թ.)
Տխուր ժառանգություն
Գարեգին Նժդեհից հետո հայ քաղաքական միտքը զարգացում չի ապրել: Խորհրդային յոթանասունամյակն այդ առումով բացարձակապես ամուլ էր և վերլուծական-գաղափարական առումով ոչինչ չժառանգեց Երրորդ հանրապետությանը: Բայց խորհրդային համակարգի բերած պրոբլեմը դրանով չավարտվեց. այն ամլացրեց նաև միտք կրողներին` մտավորականությանը, դարձնելով նրան ձեռնասուն: Ու եթե Նժդեհը անցյալ դարի քսանականներին տրտնջում էր, որ մեր մտավորականներն ունակ չեն խորքային վերլուծությունների ու տրված են մակերեսայնությանը, ապա Երրորդ հանրապետության անցած տարիները եկան ապացուցելու, որ խորհրդային բովով անցած մեր էլիտան էլ ավելի անկարող է դարձել և անզոր է ելք առաջարկել շփոթի մատնված հանրությանը:
Քաղաքական մտքի զարգացման առումով նոր-նոր որոշակի տեղաշարժ է նկատվում, և դա էլ պայմանավորված այն հանգամանքով, որ ասպարեզ է մտնում էլիտայի նոր, տոտալիտարիզմի օրոք կաղապարվել չհասցրած, երիտասարդ սերունդ: Եվ տխուրն այն է, որ այս սերունդը հարկադրված է ամենը սկսել զրոյից, քանի որ ոչինչ չի ստացել հայրերից: Իսկ ահա մեր հյուսիսային հարևանների մոտ այդպես չէ, և նրանցից սովորելու շատ բան ունենք:
Հրաժարում անիմաստ տառապանքից
Մինչ երրորդ հանրապետության ընդդիմությունները եղել և շարունակում են սևեռված մնալ ժողովրդավարության հաստատման անպտուղ գաղափարի վրա ու դրոշից չիջեցնել «պայքար-պայքարը», ռուս էլիտան բոլորովին այլ վարք է դրսևորում: Ընդհանրապես, կապիտալիստական հասարակարգն իր կայացման համար պահանջում է կոնկրետ որոշակի կենսափիլիսոփայություն: Որպես այդպիսին լավ քննություն է բռնել բողոքականությունը, որի հիման վրա էլ զարգացել է արևմտյան տիպի քաղաքակրթությունը: Այդ քաղաքակրթությունը ենթադրում է ատոմացված (տրոհված) սոցիալական համակարգ, որի համար առաջնայինն անձն է և որը պահանջում է իրավական պետության ստեղծում և պահպանում:
Պատմականորեն լինելով ուղղափառ ազգ՝ ռուսները, ներկայում էլ մնալով որպես ուղղափառ ուղղվածության անկրոն էթնիկական հանրություն, չընդունեցին քրիստոնեական բողոքականությունը, նրանց մոտ ավանդապահությունը և ուղղափառությունը կանխորոշում են բարոյականության գերակայությունը օրենքի նկատմամբ, որը չկարողացան ոչնչացնել ոչ բուցաշունչ հեղափոխականները, ոչ վերափոխիչները, ոչ էլ արմատական բարեփոխիչները: Հետևաբար, ըստ ռուս էլիտայի, արևմտյան քաղաքակակրթության համար իրենց մոտ որևէ հիմք չկա, և իմաստ չունի տառապել, առավել ևս` զոհողությունների գնալ այն պատճենահանելու համար:
Իսկ մերոնք, առանց իրենց հարց տալու, շարունակում են պայքարել մեզանում արևմտյան քաղաքակրթության հաստատման համար, հաշվի չառնելով, որ մենք ևս բողոքականության կրողներ չենք:
Այլընտրանք
Ռուս էլիտան գտնում է, որ անցումային փուլը նախանշված է կայունության հաստատման համար, իսկ դրան հասնել կարելի է ժողովրդին կառուցվածքայնացնելով, այսինքն վերականգնելով համքարային-դասային շերտավորումները: Իսկ դրա համար պետք է ստեղծել ոչ թե վերացական իրավական պետություն, այլ կառուցել կորպորատիվ պետություն, որը հավասարապես հաշվի կառնի թե համազգային, թե համքարային-դասային շահերն ու կխթանի սոցիալական հավաքականությունը:
Դյուգ
Կորպորատիվ պետության գաղափարը Լ. Դյուգի համերաշխության տեսության զարգացման արդյունք է: Դյուգը քննարկում էր պետությունը որպես գործող կորպորացիա, որ հանդիսանում է ողջ հասարակությանը, ողջ ազգին սպասարկող հանրային ծառայությունների ամբողջություն:
Դյուգը գտնում էր, որ կորպորատիվ պետությունը գալու է փոխարինելու պետությանը որպես հանրային իշխանություն, քանի որ այն նպատակ ունի վերացնել դասակարգային հակադրությունները և դասակարգերը, որոնց փոխարեն ներմուծվում է «կորպորացիա» հասկացությունը` համագործակցություն աշխատանքի և կապիտալի միջև: Յուրաքանչյուր կորպորացիա կատարում է իրեն հատուկ գործառույթը, կորպորացիայի մեջ գործարարը շահագործող չէ, այլ «ինդուստրիայի լիդեր»:
Պատմությանը հայտնի են կորպորատիվ պետությունների օրինակներ, որպես կանոն դրանք կիրառվել են ազգայնական ուժերի կողմից: Իտալիայում 1927 թվականին «Աշխատանքի խարտիան» առաջինը կիրառեց կորպորատիվ պետության հիմնական դրույթները` որպես ազգի միասնության արտահայտություն: Նույն երկրում 1934 թվականին ստեղծվեցին կորպորացիաներ տնտեսության առանձին ճյուղերի գծով, որոնք ղեկավարվում էին Կենտրոնական կորպորացիայի կողմից` Մուսոլինիի գլխավորությամբ: 1939 թվականին Իտալիայի խորհրդարանը փոխարինվեց կորպորատիվ պալատով, որը կազմված էր Կենտրոնական կորպորացիայի անդամներից, ազգայնական կուսակցության ղեկավարներից և նախարարներից: Կորպորատիվ պետության որոշ տարրեր գոյություն են ունեցել սոցիալ-ազգայնական Գերմանիայում, որտեղ կազմավորվել էին աշխատանքային ճակատներ, մշակութային պալատներ, որոնք ներգրավում էին տնտեսության մեջ բոլոր զբաղվածներին: Կորպորատիվ պետությանը բնորոշ ներկայացչություն կար ազգայնական Իսպանիայում, որտեղ կորտեսներում ներգրավված էին արհմիությունները, առևտրի պալատը և ազգային տնտեսական խորհուրդը: Նույն ժամանակի Պորտուգալիայում խորհրդատվական օրենսդրական գործառույթներ իրականացնում էր Կորպորատիվ պալատը` կազմված գործարարներից և աշխատավորների ներկայացուցիչներից:
Կորպորատիվիզմ
Ռուսական էլիտան բուռն կերպով քննարկում է անցումային փուլում կորպորատիվ պետություն ունենալու գաղափարը: Նրանց կարծիքով այս տիպի պետությունն ունակ է ապահովել տարբեր շերտերի ու դասերի ներկայացվածությունը խորհրդարանում: Այն կթույլատրի առանձին հասարակական խմբերի ու դասերի շահերն արտահայտող կուսակցությունների գոյությունը: Դրա հետ մեկտեղ կորպորատիվիզմը կչեզոքացնի դասակարգերի հակամարտությունը, չի թույլատրի հասարակության այս կամ այն հատվածին և նրա քաղաքական կազմակերպություններին իր նպատակներն ու հետաքրքրությունները պարտադրել որպես համազգային և համապետական: Կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների երկխոսության միջոցով կորպորատիվիզմը կհաղթահարի դասակարգային էգոիզմը, քաղաքական ամբիցիաները և կխոչընդոտի այս կամ այն խմբի պոլիտիկանությունը:
Նման կորպորատիվ պետությունը կվերականգնի ազգային ամբողջականությունը (որը հանդիսանում է անձի, ընտանիքի, հանրային շերտերի պաշտպանության և լիարժեք գոյության ապահովման համակարգ) և կդառնա այն պահպանելու երաշխավորը: Հետաքրքրական է այն դիտարկումը, որ համաձայն ռուս էլիտայի, կայունացման փուլում ոչ թե ժողովրդավարություն է անհրաժեշտ, այլ ավտոկրատիա: Նրանց կարծիքով կորպորատիվ պետությունը ազգային կեցության վերջնական նպատակը չէ. երբ վերականգնվի «մեծ պետականությունն» ու վերածնվի ազգային կյանքը, ապա կայունացման փուլի ավտոկրատիզմը կդարարի լինել անհրաժեշտ: Մինչ այդ կստեղծվեն ու կամրանան պետական ինստիտուտները, որոնք նախ չեն թույլատրի ավտոկրատիան վերածվի ամբողջատիրության, երկրորդ, սոցիալական խմբերի ու ողջ հանրության գիտակցությունը կդառնա այնպիսին, որ պետությունն ու ժողովուրդը պատրաստ կլինեն ապրել ազատ, արժանապատիվ, ազգային պատմությանը հավատարիմ, ազգային իդեալներով: Իսկ էլիտայի երազած պետությունը ուղղափառ միապետությունն է:
Մեր դարդերը
Հիմա դառնանք մեր խնդիրներին: Ձևականորեն ունենք խորհրդարան, որին Ազգային Ժողով անունն ենք դրել, ենթադրելով, թե այն պիտի արտահայտի ազգի կարծիքը: Բայց այսօր որևէ քաղաքացի կամ սոցիալական խումբ կարո?ղ է ասել, որ ինքը ներկայացուցիչ ունի խորհրդարանում և նրան ուղղորդում է, թե ինչ կերպ իրեն պահի այնտեղ, ինչ շահեր պաշտպանի ու պարբերաբար էլ կանչում է իր պատգամավորին և հարկադրում հաշվետու լինել իրեն ու գոհ չլինելու դեպքում էլ ազատում աշխատանքից: Մեզանում ոչ միայն նման բան չկա, այլև քաղաքացին որևէ կերպ չի կարող ետ կանչել իր քվեով ընտրված պատգամաավորներին: Այդ պատճառով էլ Ազգային Ժողով կոչվող կառույցը վերածվել է քաղաքական նաժիշտների հավաքատեղիի:
Մինչդեռ կորպորատիվ խորհրդարանն ընտրովի չէ. հանրության այս կամ շերտը կամ քաղաքացիների խումբը միավորվում են որևէ խնդրի շուրջ (արհեստակցական, սոցիալական, մշակութային, քաղաքական և այլն), ստեղծում համապատասխան կառույց` բավարարող ընդունված պահանջներին և ստանում ներկայացուցիչների պալատում իրենց շահերն արտահայտող ներկայացուցիչ ունենալու իրավունք: Այդպիսի որևէ խումբ այնքան տկարամիտ չի լինի, որ իր անդամներից ընտրի ու խորհրդարան գործողի կիսագրագետ որևէ մարդու: Ու խորհրդարանն էլ կդադարի ծաղրի առարկա լինելուց և իրապես կառնա ազգային Ժողով, ուր կքննարվեն ու տրամաբանական լուծում կգտնեն ազգին հուզող հարցերը: