«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ն ավարտվեց


18:10 , 2 օգոստոս, 2017

Հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ 7 օր շարունակ մասնակիցները կենցաղ կիսեցին Սևանի ափին՝ վրաններում։ Սամմիթը հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակիցների և հյուրերի, որոնց թվում էին 100 ստարտափներ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլոք։ Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմեց ավելի քան $45,000, որը բաշխվեց 18 թիմերի միջև։

Image may contain: 8 people, people smiling, people sitting and text

Բացի գումարային մրցանակներից՝ սամմիթի մասնակիցներն ստացան բացառիկ հնարավորություն շփվել բազում հաջողակ ստարտափերների և բիզնեսմենների հետ։ Այս տարի, բացի հրավիրված ամենօրյա դասախոսներից, կիրառվեց նաև «CampFire Talks» ֆորմատը, որտեղ հաջողակ բիզնեսմենները խոսում էին իրենց հաջողության ճանապարհի մասին խարույկի շուրջ։ Այդ ձևաչափով խոսակցությունները նաև օգնեցին սամմիթի մասնակիցներին նոր կապեր ձեռք բերել, ինչը հետագայում կարող է նպաստել ստարտափի զարգացմանը։

Մրցութային 3 օրերի ընթացքում անցկացվեց 7 մրցույթ։ Սամմիթի գլխավոր աջակից «Բիլայն Հայաստան»-ի շնորհիվ Սևանում հնարավոր դարձավ անցկացնել ծրագրավորողների կոդավորման 24-ժամյա մրցույթ։

Սամմիթի գլխավոր գործընկեր «Ամերիաբանկ»-ը շնորհեց «Big Battle»-ի գրան պրին՝ $8000, իսկ հաղթող թիմը խոստացավ չհուսահատեցնել իրեն հավատացողներին։ Այդ թիմը «ANIX»-ն էր, որի գաղափարը հաճախորդների սպասարկման որակը բարելավելն էր։ Նշենք, որ բոլոր մրցույթների հաղթողներին որոշել են այդ ոլորտում հաջողության հասած մարդիկ, ովքեր ընդգրկվել են 4-6 հոգուց բաղկացած ժյուրիի կազմում։

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը փակման արարողությանը նշեց․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը կարելի է համարել հաջողված նախագիծ, որը տեղի ունեցավ կազմակերպիչների, գործընկերների, աջակիցների և, իհարկե, մասնակիցների շնորհիվ։ Հույս ունենք, որ հետագայում արդեն կլսեք «Seaside Startup Summit»-ի մասին, որը տեղի կունենա աշխարհի տարբեր ծայրերում։

Նշենք, որ սամմիթը կազմակերպել են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, «ԳլոբաԷյԷմ» ՀԿ-ն, «ՓՄՁ ԶԱԿ»-ը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի  շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: