Անչափահաս բրիտանուհու զկրտոցը արդեն երրորդ ամիսն է, ինչ չի դադարում


18:00 , 5 ապրիլ, 2013

Տասներեքամյա բրիտանուհի Էմիլի Մարշը տհաճ իրավիճակում է հայտնվել. հունվարին դպրոց գնալիս նրա մոտ զկրտոց էր սկսվել եւ մինչ այժմ չի դադարում: Ուոլինգթոն քաղաքի պատանի բնակչուհին արդեն տասներորդ շաբաթն է, ինչ զկրտում է երկու վայրկյանը մեկ, հաղորդում է The Telegraph-ը:

Աղջիկը մի շարք` ուլտրաձայնային, կրծքավանդակի ռենտգենի, էնդոսկոպիայի հետազոտություններ է անցել, սակայն մասնագետներն այդպես էլ չեն հասկացել, որն է տարօրինակ «հիվանդության» պատճառը, հաղորդում է Vesti.ru-ն:

Աղջկա ծնողները նրան անգամ էքստրասենսի մոտ են տարել, փորձել են մի շարք այլ միջոցներ, սակայն ոչինչ չի օգնել: Էմիլին աշխարհում առաջին մարդը չէ, ում մոտ զկրտոցն այդքան երկար է շարունակվում: Գինեսի գրքում գրանցված ամերիկացի Չարզ Օսբորնը զկրատացել է 68 տարի` 1922-1990թթ.: 69-րդ տարում նրա զկրտոցը դադարել է: