20:15 , 1 օգոստոս, 2017Դատավոր Ֆրանկ Կապրիոն աշխատում է ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փորիվիդենս քաղաքի քաղաքային դատարանում, ուր քննվում են ավտոկանգառի վճարները չմուծած, երթևեկության արագությունը գերազանցած անձանց գործերը, ինչպես նաև նմանատիպ այլ զանցանքներ: Բայց նա իսկապես շատ է տարբերվում մյուս դատավորներից, քանի որ յուրահատուկ ձևով է արդարադատություն իրականացնում։
80-ամյա դատավոր Կապրիոն DailyMail-ին պատմել է 32 տարի շարունակ վաստակած իր անվան ու համբավի մասին։ Նրա կողմից քննված ամենահայտնի գործն ամերիկուհի Անդրեա Ռոջերսինն էր։ Նրան սպառնում էր 400 դոլարի տուգանք, սակայն նա իսկապես ի վիճակի չէր վճարելու այդ գումարը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ։ Դատարանում Անդրեան նաև ցավով էր նշել այն փաստը, որ վերջերս իր 19-ամյա որդին զոհվել է։
«Իհարկե, ես հաշվի եմ առնում ձեր պատմած այս սարսափելի պատմությունը։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կցանկանար անցնել այդ ամենի միջով։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի ձեզ հետ։ Հաջողություն եմ մաղթում ձեզ»։ Այս խոսքերն ասելուց հետո դատավորը կարճեց նրա գործը՝ ազատելով տուգանքներ վճարելուց։ Բացի այդ՝ դատավոր Ֆրանկ Կապրիոն այդ քայլով կնոջը շանս տվեց՝ վերադասավորելու իր կյանքն ու ամեն ինչ նորից սկսելու։

Շատ անգամ է եղել, երբ դատարանում նա պատասխանող կողմի երեխաներին հրավիրել է իր մոտ, նստեցրել իր գիրկն ու առաջարկել միասին որոշում կայացնել։ Հատկանշական է, որ երեխաներից շատերը դատավորին անկեղծ պատասխաններ են տվել՝ իրենց ծնողների մեղավորության դեպքում ասելով, որ նրանք պետք է, ըստ օրենքի, տուգանվեն։
DailyMail-ի հետ զրույցում դատավորը պատմել է, թե ինչու են իր նախագահած դատերն այդքան մեծ ուշադրության արժանանում։
«Կարծում եմ՝ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև մյուս երկրներում մարդկանց մոտ մի զգացում կա, որ կառավարական բոլոր ինստիտուտներն անտեսում են իրենց կարիքները։ Ես միշտ մտապահում եմ այն փաստը, որ մարդու և պետական ինքնիշխանության հակակշռումը շատ անհամաչափ է։ Ամոթ ինձ, եթե, պետությունը ներկայացնելով, ես երբևէ ինչ-որ մեկի համար կայացնեմ որոշում, որին նա արժանի չէր։ Սա է օրենքի տառացի մեկնաբանումը»,- նշել է դատավորը։
Ֆրանկ Կապրիոն ծնվել է ամերիկյան Մեծ ճգնաժամի տարիներին։ Հիմնականում նրան մեծացրել են իր երկու եղբայրները։ «Հայրս ծնվել է Իտալիայի Տեանո քաղաքում և երիտասարդ տարիքում ԱՄՆ եկել։ Մայրս 7 քույր/եղբայր ուներ, իսկ հայրս՝ 10»։

«Այնքանով էի բախտավոր, որ երբեք սոված չենք մնացել։ Սակայն ապրում էինք մի տանը, ուր հոսող ջուր անգամ չկար։ Ինչպես բոլորը, իմ ծնողները նույնպես ցանկանում էին, որ իրենց զավակները հաջողակ լինեն, լավ մարդ դառնան․․․»։
Դատավոր Կապրիոն բազմիցս է նշել, որ իր հորից՝ Անտոնիո Կապրիոյից, կյանքի շատ դասեր է քաղել։
«Հայրս կաթնավաճառ էր։ Ամեն օր ինձ ու եղբորս արթնացնում էր առավոտյան ժամը 4-ին, նստեցնում կաթ տեղափոխող մեքենայի մեջ և խրատներ տալիս․ «Եթե չեք ուզում ձեր ողջ կյանքի ընթացքում այս նույն գործով զբաղվել, ապա ինքներդ որևէ միջոց գտեք, որպեսզի համալսարան ընդունվեք, քանի որ ես այդքան գումար չունեմ»: Հենց այդպես էլ արեցինք․ մի ռեստորանում ամաններ էի լվանում և գանձապահ աշխատում։ Բարեբախտաբար, այդ տարիներին հնարավոր էր այդ աշխատանքով այնքան գումար վաստակել, որ կբավականացներ համալսարանի վարձերը մուծելուն»։

Ֆրանկ Կապրիոն իր մագիստրոսի աստիճանն ստացել է Փորվիդանսի քոլեջում՝ քաղաքագիտության ֆակուլտետում։
«Հիշում եմ, թե ինչպես էի մինչև երեկոյան 11-ը աշխատում, ապա հաջորդ օրը գնում դասի։ Համակուրսեցիներս պատմում էին, թե ինչ լավ օր են անցկացրել այդ օրը։ Երբեք չեմ ունեցել համալսարանական կյանք, բայց միշտ ցանկացել եմ»։
Դատավոր Կապրիոն իրավաբանություն սովորել է Բոստոնի Սաֆոլք համալսարանում՝ Փրովիդանսից 100 մղոն հեռավորության վրա։ Միաժամանակ նա դպրոցում քաղաքագիտության ուսուցիչ էր աշխատում, որպեսզի վճարի իր ուսման վարձը։
«Առավոտյան 4։30 արթնանում էի, գնում դասի, հետո գնում դպրոց՝ աշխատանքի, կեսգիշերին վերադառնում տուն և այդպես շարունակ։ Բայց երբեք չեմ մտածել հանձնվելու մասին․ հորս խոսքերը մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա։ Նա իմ հերոսն էր, բայց ոչ թե քանի որ լավ աթլետ էր կամ բասկետբոլիստ, այլ քանի որ ամեն առավոտ ժամը 4-ին էր արթնանում։ Նա գնում էր աշխատանքի անգամ, երբ հիվանդ էր, հազում էր։ Այդ ամենն անում էր մեզ համար, իր ընտանիքի համար»։

«Հիշում եմ, երբ ձմռանն ընտանիքով նստում էինք վառարանի կողքին և զրուցում։ Մի անգամ հայրս ասաց․ «Մի օր դու իրավաբան կդառնաս։ Ուզում եմ, որ միշտ հիշես, թե ինչպես ենք ապրում։ Եթե ինչ-որ մի բան պատահի և իրավաբանի կարիք ունենանք, չենք կարող վարձել, քանի որ բավարար միջոցներ չունենք։ Հենց դրա համար էլ չպետք է տուգանես աղքատներին»։ Հիմա ինքս երկու որդի ունեմ, ովքեր նույնպես իրավաբան են, ու մենք երբեք չենք տուգանել մի մարդու, ով ի վիճակի չէ վճարելու այն»։
Դատավոր Ֆրանկ Կապրիոն ասում է, որ իր մասնակցությամբ հաղորդումների հաջողության համար շնորհակալ է իր եղբորը՝ Ջոզեֆ Կապրիոյին, և կնոջը՝ Ջոյսին։ «Առաջին անգամ կինս առաջարկեց, որ եղբայրս տեսանկարահանի դատավարությունները։ Սկզբում դեմ էի, քանի որ կարծում էի՝ ոչ ոքի չի հետաքրքրի այն։ Հետո համաձայնեցի փորձնական մի քանի ամիս նկարահանել։ Ամեն ինչ այնքան լավ ստացվեց։ Ու հիմա արդեն 20 տարի է, ինչ տեսանկարահանում և հրապարակում ենք»։

Դատավորը խոստովանում է, որ հաճախ է պատահում, որ անցորդները մոտենում են նրան և խնդրում լուսանկարվել իր հետ։ Չէ՞ որ նա արդեն հայտնի աստղ է։
«Մարդիկ դիտավորյալ սխալ տեղ են կայանում մեքենան, որպեսզի տուգանվեն և նկարահանվեն դատարանում»,-կատակում է դատավորը։
Նա շատ շուտ է հուզվում։ Անգամ այս տարիքում առանց հուզվելու չի կարողանում պատմել այս պատմությունը։ «Մայրս ինձնով հղի էր, սակայն գումար չուներ հիվանդանոց գնալու։ Ուստի ոտքով երկար ճամփա էր գնում, որպեսզի մի չինացի բժշկի այցելի, ով անգլերեն չէր խոսում։ Ճանապարհին նա խանութի ցուցափեղկին վաճառվող պահածոյացված դեղձ է տեսել, ցանկացել է գնել, բայց գումար չի ունեցել։ Նա պատմում էր, որ բոլորը վախենում էին՝ մարմնիս վրա դեղձի հետք կլինի։ Այդպիսի տատական սնահավատություն կար, որ եթե հղի կինը ինչ-որ բան է ցանկանում, սակայն այն չի ստանում, դրա նշանը լինում է նրա զավակի մարմնի վրա։ Ուզում եմ ասել, որ այդքան դժվար կյանք ենք ունեցել։ Բայց անկախ ամեն ինչից՝ մայրս շատ հյուրասեր էր․ եթե մտնեիք մեր տուն, րոպեներ չանցած՝ մայրս սեղան կգցեր և ուտելիք կբերեր։ Ամենակարևոր բանը, որ սովորել եմ ծնողներիցս, այն է, որ պետք է քրտնաջան աշխատել, երբեք չհանձնվել և կարիքավորներին օգնել»։

Առանց քաղաքականացնելու՝ նա փորձում է ներկայացնել Ամերիկայի խնդիրները՝ նշելով, որ ամենամեծ խնդիրը ընտանիքի՝ որպես մեկ միավորի բացակայությունն է, դրա մասնատումը։
Ամեն օր նա հարյուրավոր շնորհակալական նամակներ է ստանում և փորձում պատասխանել բոլորին։
Դատավոր Ֆրանկ Կապրիոն այսօր ճանաչում են ոչ միայն Փրովիդանսի բնակիչները կամ ամերիկացիները, այլ գրեթե բոլորը, քանի որ նրա մասնակցությամբ դատավարությունների վիդեոները տարածվել են ողջ աշխարհով մեկ։