Սուպերմարկետների և արագ սննդի այս ժամանակներում մենք սկսել ենք ավելի հազվադեպ այցելել շուկաներ, բայց չենք էլ պատկերացնում, թե դա ինչ մեծ բացթողում է:
Հեմինգուեյը կարծում էր, որ քաղաքը ճանաչելու համար ավելի լավ տեղ չկա, քան շուկան: Եվ իրոք, այդպես է. ցանկացած քաղաքի հոգին ու դիմագիծը հասկանալու և ճանաչելու համար պետք է այցելել այդ քաղաքի շուկաները, որտեղ կյանքը եռում է իր բոլոր գույներով ու համերով:
BlogNews.am-ը այցելել է Երևան քաղաքի մի քանի շուկաներ, և ֆոտոշարքի միջոցով մեր ընթերցողին ենք փոխանցում այն գեղեցկությունը, որը ֆիքսել է մեր տեսախցիկը:
Շուկան փոքրիկ քաղաք է քաղաքի մեջ՝ իր բնակիչներով, կարգուկանոնով ու դերերով. յուրաքանչյուրն իր տեղն ու պարտականությունները լավ գիտի: Վաճառողներից մեկն, իր տաղավարի մոտ կանգնած, խնամքով սրբում ու դասավորում է միրգը. ծիրանը պետք է կարմիր երեսով նայի գնորդին, դեղձերը պետք է հավասար բուրգերով շարվեն... Մյուսը, սուրճի բաժակներով լի սկուտեղը ձեռքին, տաղավարից տաղավար է անցնում ու հարևաններին առավոտյան անուշաբույր սուրճ հյուրասիրում: Օրվա քննարկման առաջին թեման Գագիկ Սուրենյանն ու նրա կանխատեսումներն են.
- Սուրենյանն ասեց՝ էլի շոգ է լինելու, Սվետա, կանաչին կջրես օրվա ընթացքում:
- Վայ, ինչ ես ասում, միրգը չփչանա՜:
Սուրենյանի եղանակային կանխատեսումներն անցնում են ականջից ականջ, տարածվում այնքան ժամանակ, մինչև հանդիպում են հաջորդ թեմային, և այդպես արթնացող շուկան աստիճանաբար լցվում է գնորդներով, այցելուներով, ու սկսվում է նոր օրը...
«Ընկույզի մեջ է եղել մեր նախնիների երկարակեցության գաղտնիքը, էրեխեք ջան,- ասում է 70-ամյա այս պապիկը, ում մոտ կարելի էր գտնել ընկույզ ցանկացած վիճակում՝ կանաչ, չոր, մուրաբա, կրաջրի մեջ։- Իմ ձեռքով հավաքում եմ, մաքրում, բանկաներն էլ եմ տեղում վաճառում, որ մեր կանայք ոչ մի նեղություն չքաշեն, գեղեցիկ մատները չսևացնեն»:
Մի պահ անգամ քեզ թվում է, թե հյուր ես գնացել տատիկիդ, ով ուզում է քեզ կերակրել տան ամենահամեղ ուտեստներով.
- Էրեխեք ջան, եկեք ձեզ միրգ հյուրասիրեմ, իմ այգուց եմ հավաքել:
- Իմ մոտ էլ կգաք, բա գիտեք միայն զբոսաշրջիկների՞ն ենք հյուրասիրում:
- Տեսեք՝ ինչ չիր է, սրա նմանը ոչ մի տեղ չկա, իմ չրերը սերիալում էլ են նկարվել:
Վաճառողների պատմելով՝ գնորդների մեծ մասը զբոսաշրջիկներ են ու ոչ հայաստանաբնակ հայեր.
«Մեր տանտիկինները կարողանում են չրեր պատրաստել, համեղ մուրաբաներ, լավ հասկանում են խոտաբույսերից, դրա համար էլ գնորդները հիմնականում դրսի մարդիկ են, ում համար այս ամենն անսովոր է»:
Մեր շուկաներն այնքան վառ ու խայտաբղետ են, որ եթե մի պահ կտրվես իրականությունից, քեզ կթվա՝ հայտնվել ես Սարյանի կենդանացած կտավներում:
Պատրաստեց՝ Անի Հակոբյանը
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի