Արցախ(ջան)յան օրագրեր. կադրային քաղցն ու Երևանում ապրելու ինքնանպատակը


12:50 , 27 հուլիս, 2017

Քարվաճառում ենք: Շրջանի ղեկավարության հետ խոսում ենք, ասում են՝ մենակ մաթեմատիկայի ուսուցչի 9 թափուր հաստիք ունեն: Դա՝ մենակ մաթեմատիկան: Կա նաև ֆիզիկայի, քիմիայի, շախմատի ու այլ առարկաների կադրային քաղց, որովհետև ընդամենը 3700 բնակչություն ունեցող շրջանն ունի մի քանի դպրոց ու 700 երեխա:

Ընդ որում՝ էստեղ ՀՀ-ի պես չէ, որ ուսուցիչներին մուրացկանի աշխատավարձ տան: Բացի դրույքից՝ կան նաև հավելավճարներ ու տարբեր բոնուսներ: Էլ չասեմ, որ նույն մաթեմի դասատուն կարող է համատեղել, ասենք, շախմատի ուսուցչի հաստիքն էլ:

Ինչո՞ւ եմ սա պատմում: Երբ մանկավարժականի վերջին կուրսերում էի սովորում, լիքը մարդ ծանոթ ու փեշով փող էր խառնում, որ ինչ-որ դպրոցում գոնե մի 50000 դրամ աշխատավարձով տեղավորվեր: Բայց որ ասես՝ եկեք Քարվաճառ, աչքերը կկլորացնեն ու առաջարկը կընկալեն որպես աքսորվելու կոչ:

Մի խոսքով՝ հանկարծ չգա՛ք Քարվաճառ ու մարդավայել գումար չվաստակե՛ք: Ավելի լավ է սովից զկրտալ Երևանում՝ թեկուզ Չարբախում, բայց Երևանում: Համ էլ տենց կարում ես երկիրը քրֆել ու գործազրկությունից բողոքել: Զատո Երևանում ես, համարյա անգլիական արիստոկրատական դասին պատկանելության հաշիվ է:

#ԱրցախՋան

Image may contain: one or more people, sky, mountain, tree, cloud, outdoor and nature