Մարտին Վարդազարյան.«Ինձ մեքենա չեն նվիրել»


23:18 , 4 ապրիլ, 2013

ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանն այսօր նշում է իր ծննդյան 75 ամյակը: ArmStar.am-ի հետ զրույցում կոմպոզիտորը նշեց, որ օրն անցկացնելու է տան անդամների հետ. «Կարծում եմ՝ սա այն օրն է, որ պետք է մտերիմների հետ անցկացնել»:

Մարտին Վարդազարյանի համար ամենահիշարժան օրը 1938 թվականի ապրիլի 4-ն է եղել. «Որովհետև եթե այդ օրը չլիներ, ես չէի լինի, դրա համար շնորհակալ եմ ծնողներիս»:

Երաժիշտը շնորհավորանքերի մեջ տարբերություն չի դնում. «Եթե մարդը շնորհավորում է, ուրեմն դա անկեղծ է, համենայն դեպս, իմ կողմից միշտ անկեղծ է լինում, եթե չեմ շնորհավորում, նշանակում է` ես մոռացել էի:

Ստացել եմ և՛ պաշտոնական շնորհավորքանքներ և՛ ոչ պաշտոնական շնորհավորանքներ, ստացել եմ և քաղաքապետարանի կողմից, նաև գրություններ, որոնք կպահեմ որպես հուշ »,- անկեղծացավ մաեստրոն:

Իսկ մեր այն հարցին` ստացե՞լ է նախագահի կողմից շնորհավորանք` ՀՀ ժողովրդական արտիստը նշեց. «Աաա՜, սա հա՞րց եք տալիս… Չգիտեմ, լուրերով կիմանաք»:

Մարտին Վարդազարյանը սիրում է նվերներ նվիրել, իսկ ստանալը երկրորդական է համարում. «Փողի տեսքով նվերներ չեմ սիրում, դա քեզ պարտավորեցնում է գնալ մի բան առնել, որ հետո ասես՝ տես քո տված փողով սա եմ գնել: Ես ավելի շատ սիրում եմ, երբ գրկախառնվում են, ձեռքդ են սեղմում կամ էլ աչքերով իրար նայում են, դա է ամենալավ նվերը: Մնացածն անցողիկ են` շոր առար, մաշվեց, մեքենա նվիրեցին, խփեցիր, չնայած որ ինձ մեքենա չեն նվիրել (կատակում է)»:

Իսկ ամենահիշվող նվերներից առանձնացրեց Ալեքսանդր Հարությունյանի ձեռագրով Մոսկվայում ստացած պարտիտուրան, որը հաճախ բացում, նայում է:

ArmStar.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և Մարտին Վարդազարյանին մաղթում երկարակեցություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Հոբելյարի հետ զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը