Անթույլատրելի է հանրության աչքում մարդուն կործանել, երբ նա դեռևս իրավաբանորեն մեղավոր չէ. Գևորգ Կոստանյան
00:00 , 25 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Անթույլատրելի է հանրության աչքում մարդուն կործանել այն դեպքում, երբ նա դեռևս իրավաբանորեն մեղավոր չէ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ խոսելով անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման մասին: «Պետական մարմինների հաղորդագրությունները, դրա հիման վրա մամուլի հրապարակումները, հասարակական քննարկումները պետք է լինեն այնպիսին, որ մենք մարդուն չկործանենք հասարակական դաշտում, չկործանենք իրեն և իր ընտանիքը, քանի դեռ վճիռ չի կայացվել»,- ասաց Կոստանյանը: Նրա խոսքով՝ պետական մարմինները պարտավոր են մարդու մասնավոր կյանքը անհիմն, անտեղի միջամտությունից պաշտպանել։
- Վերջերս բավականին հաճախ ենք լսում մեղադրյալի անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման մասին: Պետական մարմինները շատ դեպքերում հաղորդագրություն են տարածում, որտեղ նշված են լինում կասկածյալի անձնական տվյալները: Ձեր կարծիքով՝ դա ճի՞շտ մոտեցում է, արդյո՞ք սա խախտում չէ:
-Սա լրջագույն հարց է, և միայն մեր երկիրը չէ, որ բախվել է այս իրավիճակին: Այո, մենք ունենք պրակտիկա, այդ թվում մամուլի կողմից բավականին շատ օգտագործվող, որ երբ անձը բռնվել է հանցագործության կատարման վայրում ու կա՛մ կասկածյալ է, կա՛մ մեղադրանք է առաջադրվել, անմիջապես այդ մասին մամուլով հայտարարություններ, հաղորդումներ են լինում տարբեր տեսակի, այդ թվում՝ այդ անձի մասնակցությամբ: Դրանից հետո մամուլը բավականին երկար քննարկման առարկա է դարձնում այդ անձի կողմից կատարված արարքը, այդ անձի անհատական հատկանիշները և այլն: Արդյունքում ստացվում է վիճակ, երբ որ մարդու վերաբերյալ դեռևս չի կայացվել դատական ակտ, բայց հանրության աչքում տվյալ անձը ներկայացվում է որպես հանցագործ: Սա լրջագույն խնդիր է: Ես իմ պրակտիկայում տեսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ որ մենք այդպես հայտարարություն ենք անում, պետական որևէ մարմին հայտարարություն է անում, որ այ, բռնվեց հանցագործություն կատարման պահին այսինչ անձը՝ նշելով մարդու անուն- ազգանունը, հայրանունը և այլ տվյալներ, և նա կատարել է այսպիսի արարք: Ճիշտ է, հաղորդման վերջում, կամ եթե տպագիր է՝ հաղորդագրության վերջում ասում են՝ տեղեկացնում ենք նաև, որ քանի դեռ վճիռ չկա, մարդն անմեղ է և այլն, բայց տվյալ անձն արդեն հասարակության աչքում ընկալվում է որպես հանցագործ:
- Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ անմեղության կանխավարկածի խախտումը մեղադրյալի համար: Ինչ-որ դեպք կարո՞ղ եք հիշել:
-Ես մի դեպքի մասին կասեմ առանց անուն նշելու, երբ որ անձը ձերբակալվեց կաշառքի պահին, և միանգամից հաղորդագրություններ եղան, որ այսինչ պաշտոնատար անձը կաշառք է վերցրել: Մոտ մեկ շաբաթ հասարակությունը դա շատ բուռն քննարկեց, և 8 ամիս հետո այդ գործը կարճվեց ու նա արդարացվեց: Ես այդ ժամանակ արդարադատության փոխնախարար էի և փորձեցի հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ. երբ հաղորդագրությունը տարածվեց այդ անձի ձերբակալության մասին, ով փոքր համայնքի բնակիչ էր, կինը ամուսնալուծվեց, երկու աղջիկներն աշխատանքից ազատվեցին, այդ մարդու ընտանիքը քանդվեց, քայքայվեց, և 8 ամիս հետո գործը կարճվեց, անձն արդարացվեց: Ինչպե՞ս ենք այդ մարդու բարոյական կերպարը վերականգնելու տվյալ հասարակության մեջ, այլևս անհնար է: Այսինքն՝ մենք մինչև դատավճիռ կայացնելը մարդու կատարած արարքի, նրա անձի վերաբերյալ տարածեցինք տեղեկատվություն, քննարկեցինք, վերլուծեցինք և կործանեցինք այդ մարդու ճակատագիրը: Սա անթույլատրելի է: Անթույլատրելի է հանրության մեջ կործանել մարդուն այն դեպքում, երբ այդ մարդը դեռևս իրավաբանորեն մեղավոր չէ: Սրա դեմը պետք է առնենք:
- Անմեղության կանխավարկածի խախտման համար ինչպիսի՞ պատիժ է նախատեսված:
-Այստեղ միայն անմեղության կանխավարկածի մասին չէ խոսքը, նաև մասնավոր կյանքի պաշտպանության մասին է, Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի մասին է առաջին հերթին: Պետական մարմինները պարտավոր են բոլոր միջոցները ձեռնարկել՝ մարդու մասնավոր կյանքը անհիմն, անտեղի միջամտությունից պաշտպանելու համար: Մենք չենք խոսում քրեական պատասխանատվության մասին, մենք խոսում ենք այն մասին, որ պետական մարմինների հաղորդագրությունները, դրա հիման վրա մամուլի հրապարակումները, հասարակական քննարկումները պետք է լինեն այնպիսին, որ մենք մարդուն չկործանենք հասարակական դաշտում, չկործանենք իրեն և իր ընտանիքին: Երբ մենք հայտարարություն ենք անում, որ տվյալ անձը կատարեց այս արարքը և բռնվեց հանցագործության կատարման վայրում, տեսանկարահանում են, որ այդ մարդը ասում է՝ այո, ես ներողություն եմ խնդրում, բայց մենք չգիտենք՝ գուցե վաղը դատական պրոցեսի ընթացքում նա կարող է արդարացվել: Ինչո՞ւ ենք մենք նման շռայլություն թույլ տալիս այլ անձի կյանքի, հեղինակության և ճակատագիրը կործանելու գնով: Մենք պետք է ձեռնպահ մնանք այդպիսի բաներից: Մեր պետական, իրավապահ ամբողջ համակարգը պետք է կոչված լինի տվյալ անձի մասնավոր կյանքը պաշտպանելու և ոչ թե հիմքեր ստեղծելու, որ այդ սուբյեկտի մասնավոր կյանքն ընդհանրապես կործանվի մեր հասարակության աչքում:
- Խոսում եք պետական մարմինների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման մասին. 2013-2016թթ. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում եղած ժամանակ ինչպե՞ս էիք աշխատում։
-Մենք փորձել ենք առավելագույնս զերծ պահել անհատականացման տվյալները հայտարարելուց: Խնդիրն այն չէ, որ դու՝ որպես պետական մարմին, չես կարող ասել, որ այսպիսի հանցագործություն է տեղի ունեցել կամ որ դու հանցագործին բռնել ես: Խնդիրն այն է, որ դու չպետք է տաս իդենտիֆիկացիայի համար բավարար տվյալներ: Մենք պետք է սրանից զերծ մնանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: