Ուրիխանյանը չգիտի՞` ում կողմից էր ԲՀԿ-ն 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ


15:47 , 4 ապրիլ, 2013

Քաղաքական  մեկնաբան

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարել է, որ 
«ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա ոչ մի դեպքում չխանգարեց, որպեսզի իրենք հասնենք այն վստահությանն ու քվեին, որ ստացան խորհրդարանական ընտրություններում»: 
Իսկապես որ, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն շատ նուրբ, բայց պարզ մարտավարությամբ էր հանդես գալիս, ինչը վերջինիս հնարավորություն տվեց բավականին շատ ձայներ հավաքել՝ իրենով անելով ընդդիմադիր ուժերի ձայները: Այդ տեսանկյունից, ԲՀԿ-ի մարտավարությունը իսկապես որ հաջողված էր:
Ինչ վերաբերում է 2008 թվականին տեղի ունեցած ընտրություններին, ապա ԲՀԿ-ն 2008 թվականի նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրեց, սակայն կուսակցությունը հստակ դիրքորոշում ուներ՝ պաշտպանում էր ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Եվ պատահական չէ, որ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի շտաբի պետի տեղակալներից մեկը՝ քաղաքաշինության ԲՀԿ-ական ներկայացուցիչ Վարդան Վարդանյանն էր, իսկ քարոզչական ճակատի պատասխանատուներից մեկը ԲՀԿ-ի մեկ այլ ակտիվ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Ուրիշ բան, որ ԲՀԿ-ում այս գործոնները ընտրություններին մասնակցություն չեն համարում:
Հ.Գ. 2008-ի նախագահական քարոզարշավի լուսանկարներում կարելի է հանդիպել նաև ԲՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների՝ «Առաջ Հայաստան» շարֆերով: