«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն մեկնարկեց Գյումրիում


14:15 , 23 հուլիս, 2017

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն երեկ իր տրամաբանական շարունակությունը ունեցավ Գյումրիում: Միջոցառման առաջին մասն անցավ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում: 1987 թվականին հիմնադրված պատկերասրահը արվեստի թանգարան է, որում պահվում և ցուցադրվում են Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական ստեղծագործությունները:

 Մարիամի գործերը հագեցած են լույսով և պայծառությամբ, իսկ դրանց գույների բովանդակությունն ու կատարումը խոսում են աշխարհի էության փնտրտուքից: Իր արվեստում նա փորձել է սեփական տեսանկյունից վերաքննել խորհրդային և հետպատերազմյան տարիները և իր վերաբերմունքն է արտահայտել այդ տարիների հետևանքների մասին: Երանուհու աշխատանքները մարդու հուզական աշխարհն են ներկայացնում: Նկարչուհու մոտիվներն ասես շարունակ կրկնվելիս լինեն, բայց ամեն անգամ նա վերահանում է նոր ստեղծագործական խնդիրներ, որոնց նպատակն է թույլ չտալ, որպեսզի հանդիսատեսը ցատկի եզրահանգումների, այլ շարունակի մտածել:

Պատկերասրահի մի քանի անկյուններում ցուցադրվում էին ֆիլմեր, որոնց հեղինակները` Մուրալի Նաիր (Հնդկաստան), Ինդրիասա Ուեդրաոգո (Բուրկինա Ֆասո), Ջաֆար Փանահի (Իրան), Ջիա Ջանգ-Քե(Չինաստան): Փոքրիկ սրահում ցուցադրվում էր Ռոզանա Փալազյանի Պատմություն, որ երբեք չմոռացա: 13 րոպե տևողությամբ վիդեո ինստալացիան Հայոց ցեղասպանության հուշերի պատառիկների մասին էր: Պատումում կարմիր թելով անցնում է արվեստագետի տատի թաշկինակը, որը նա ասեղնագործել էր տակավին Թեսալոնիկեում փախստական եղած ժամանակ: Յուրաքանչյուր դրվագի հետ փոխվելով` օբյեկտը վերստին անցնում է իր ծագման ուղին` Կոնիայով, Հունաստանով, Ռիո դե Ժանեյրոյով հասնելով նոր կյանք:

Մշակութային այս միջոցառմանը ներկա էր նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով կարևոր համարեց, որ Ստանդարտ ժամանակակից արվեստի տրիենալեն Գյումրիից է սկսվում: «Այս ճանապարհին մենք նոր Գյումրի ենք բացահայտելու, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այպես էլ` զբոսաշրջիկների համար: Ես կարծում եմ, որ սա նոր շունչ է տալիս ոչ միայն արվեստի նմանատիպ գործերին, այլ ընդհանրապես մեր քաղաքին և Գյումրիում բնակվող մարդկանց»,-նշեց նա:

Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն, ցուցադրության համադրող Վահագն Ղուկասյանի խոսքով՝ մեր մշակութասեր հասարակությունը, Գյումրիում վաղվանից սկսած մինչև սեպտեմբեր,  հնարավորություն կունենա ծանոթանալ նաև ժամանակակից 6 արվեստագետների (Ֆրանսիս Ալիս՝ Բելգիա, Գոհար Մարտիրոսյան՝ Հայաստան, Ռոզանա Փալազյան՝ Բրազիլիա, Մուրալի Նաիր՝ Հնդկաստան, Իդրիսա Ուեդրագո՝ Բուրկինա ֆասո, Ջաֆար Փանահի՝ Իրան, Ջիա Ջանք-Քե՝ Չինաստան-Հ․ Հ․) վիդեոարտ ժանրի գործերից:

Նա նաև ավելացրեց, որ Ժամանակակից տրիենալեի գաղափարն այն է, որ Հայաստանում գտնեն ժամանակակից արվեստագետներ և նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող մշակութային հաստատություններ, ինչպիսին օրինակ Ասլամազյան քույրերի պատկերասրահն է, և նորովի դրանք աշխարհին ցույց տան:

Հաջորդ կանգառը դա Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան և Սերգեյ Մերկուրովի թանգարանն էր: Այստեղ յուրաքանչյուր սրահներում ներկայացված էին մի քանի արվեստագետների գործերը. Այրին Անաստաս և Ռենե Գաբրի, Ռիկարդո Արենա, Բենեջի Բոյաջյան, Ջուզեպե Կակավալե, Մարտա Դել Անջելո, Տիբո դը Ջալլուի, Ալեքսեյ Մանուկյան, Միքայել Օհանջանյան, Գոհար Սմոյան, Մարիա Ցագարի:

BlogNews.am-ի հետ զրույցում Ռենե Գաբրին ասաց.  «Դժվար է ամեն ինչը բառերով բացատրելը, դրա համար մարդ արվեստ է անում»:

Ռենեն տրիենալեի շրջանակներում ներկայացնում է Այրին Անաստասի հետ իր աշխատանքները: Ներկայացնում է աշխատանքներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեմայով: Նշում է, որ սա իրենց համար շատ հետաքրքիր փորձ էր:

Ռենեի և Անյրինի աշխատանքներում ի ցույց դրվող կամ հաղորդվող տարրերը կարելի է դիտարկել իբրև հետքերը հանդիպման և պայքարի, որ տեղի են ունենում կյանքի և արխիվի միջև, մոլուցքով լի դիագրամների միջև, որոնք արվեստի անհրաժեշտ գոյության հիմքն են` որպես կյանքի և դիմադրության հաստատում: