ՀՀ-ի դեմ կայացրած վճիռների պատասխանատվությունը բյուջեից, բոլորիս գրպանից պետք է դուրս գա, «վհուկների որսը» որևէ լավ բանի չի բերի. իրավաբան


18:00 , 22 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյան մտահոգիչ է համարում, որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասնակից և Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ըստ դրա դեմ ներկայացված բողոքների Հայաստանը զբաղեցնում է 9 տեղը:  Մյուս կողմից իրավաբանը  նկատեց, որ դիմումների որակը բավականին բարձր է, ինչը խոսում է քաղաքացիական ակտիվության մասին:

«Իմ տվյալների համաձայն` ամենից շատ ՄԻԵԴ դիմում են գույքային, արդարադատության և կալանավորման հետ կապված խնդիրներով»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՄԻԵԴ-ի հրապարակած ըստ պետությունների ներկայացված դիմումների/բողոքների վիճակագրությունը, ըստ որի` Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում 100.000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում:

Արա Ղազարյանն ասաց, որ դիմումների առատությունը ցույց է տալիս, որ համակարգային լուրջ խնդիրներ կան, առավելապես գույքային, քրեական դատավարության իրավունքի ոլորտներում, թեև բավականին ռեֆորմներ իրականացվել են:

Նա նաև դիմումների առատությունը պայմանավորեց հանրային իրազեկման բարձրացման հետ, սակայն վստահություն հայտնեց, որ ավելի շատ վճիռներ չեն կայացվում Հայաստանի դեմ, քան մյուս պետությունների:  «Եթե մենք այսօր Եվրոպական դատարանից վճիռ ենք ստանում, ապա այն արտահայտում  է 2011 թվականի իրականությունը, այդ շրջանի համակարգային խնդիրները, քանի որ ՄԻԵԴ-ը շատ մեծ ուշացումով է վճիռներ կայացնում, իսկ այսօրվա պատկերի արձագանքը մենք չգիտենք»,-ասաց նա և նշեց, որ այս 10 տարիների ընթացքում դրական զարգացումներ, փոփոխություններ ամեն դեպքում կան:

Արա Ղազարյանը Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների նվազեցման խնդրի լուծումը չի տեսնում դատավորների, դատախազներին, քննիչներին պատասխանատվության ենթարկելու մեջ, առավելևս, որ նրանց նկատմամբ պատասխանատվություն սահմանված է, եթե շահադիտական նպատակով է սխալը արվում: «Անթույլատրելի է  նման բան սահմանելը, քանի որ դա դատավորների անկախությանը էական հարված կհասցնի և նրանք կվախենան արդեն ինքնուրույն որոշումներ կայացնել»,-ասաց նա և նշեց, որ միշտ էլ մեկ երևույթի նկատմամբ կա երկու կարծիք և դա ամենևին չի նշանակում, որ դատավորը սխալ որոշում է կայացրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։