«Հայաստանի ձայնը»՝ իր ամենամեծ հաղթանակի, երազանքների, ծրագրերի և պաշտելի Գյումրիի մասին


13:47 , 4 ապրիլ, 2013

Մարտի 30-ին «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղթող ճանաչվեց 18-ամյա Մերի Մնջոյանը՝ հավաքելով առավելագույն քանակությամբ հաղորդագրություններ: «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մերի Մնջոյանի և նախագծի մարզիչ, երգչուհի Սոնա Սարգսյանի հետ:

- Սոնա, չնայած նախագծի ընթացքում եղած դժվարություններին՝ արդյոք կարո՞ղ ենք նախագիծը կայացած համարել:

Սոնա - Կարող ենք կայացած համարել: Ինչպես ի սկզբանե ասում էի՝ կարևորը արդարություն լինի, ու եղավ, ինչի համար շատ գոհ եմ, ուրախ և շնորհակալ, և ընդհանրապես շնորհակալություն «Արմենիա» հեռուստաընկերությանը, որ «The voice» նախագիծը Հայաստանում իրականացրին, ինչպես նաև շատ շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ ցուցաբերած ակտիվության համար: Մեր ժողովուրդը իսկապես շատ իմաստուն է, շատ շնորհակալություն ձեզ բոլորիդ, որևէ վայրկյան չէի կասկածում և շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք արեցիք Մաշայի հաղթանակի համար:

- Երբ առաջին անգամ լսեցիք Մերիի «Hallelujah» կատարումը, և առաջինը Դուք արձագանքեցիք, այդ պահին ունեի՞ք այն զգացողությունը, որ սա այն ձայնն էր, որ սպասում էիք լսել այս նախագծի ընթացքում:

Սոնա - Իհարկե, շատ հզոր երգ էր ընտրված և վոկալի առումով շատ բարդ: Այս երգը շատ եմ լսել համաշխարհային արտիստների կատարմամբ, բայց անկեղծ եմ ասում, երբ լսեցի, ինձ թվաց՝ հնարք է, և նա մրցույթի մասնակից չէ: Նրա ձայնը շատ տարբերվեց, շատ լուրջ մտավ ականջներիս մեջ: Բացի այն, որ որպես երաժիշտ՝ ինձ երգը դուր եկավ, ես լսում էի վերջավորությունները և մտածում էի՝ միջազգային ասպարեզում կայացած մեկին են բերել բոլորիս գժվեցնելու (ծիծաղում է), բայց երբ պտտվեցի, իմացա 17 տարեկան է, բառերն ավելորդ էին, ես մեռա...

- Ի՞նչ զգացողություն ունեցավ Մաշան այդ պահին, մի պահ կարծես երկմտում էիք՝ ում ընտրել որպես մարզիչ, և ինչո՞ւ Սոնային ընտրեցիր:

Մաշա - Ոչ մի վայրկյան չեմ կասկածել Սոնայի ընտրության հարցում: Մրցույթին գալուց առաջ արդեն մարզիչների կազմին տեղյակ էի, մտածում էի՝ եթե Սոնան պտտվի, ես անխոս Սոնային եմ ընտրելու և հուրախություն ինձ՝ ժյուրիի չորս անդամներն էլ պտտվեցին: Չէի պատկերացնում՝ ինձ այդպես բուռն կընդունեն, մի պահ ուղղակի շատ ուրախացա, զարմացա, բայց վերջնարդյունքում կատարեցի իմ ընտրությունը և ընտրեցի Սոնային, ում ի սկզբանե որոշել էի ընտրել: 

- Մաշա, երբ հեռուստադիտողը լսում էր Ձեր կատարումը, զգում էր, որ մի բան այն չէ, իսկ Դուք ի՞նչ էիք զգում, կա՞ր զգացողություն, որ հաղթանակով եք դուրս գալու նախագծից:

Մաշա - Անկեղծ ասած, մեր մրցույթի օրը մեզնից քչերն անցան, երեք հոգի, և մեջս վախ մտավ, որ միգուցե ես չանցնեմ, բայց ես բարձրացա բեմ՝ ներկայացնելու իմ եսը, ցույց տալու իմ ձայնը, ներկայացնելու իմ Գյումրի քաղաքը, և ինչպես հասկացա, դա ինձ մոտ լավ ստացվեց:

- Սոնա, Հայաստանում կարծես արմատացել է մի վատ սովորույթ, որ տարբեր նախագծեր, որոնք իրականացնում են տարբեր հեռուստաընկերություններ՝ «Հայ սուպերսթար» և մյուսներ, մասնակիցներին սեփականաշնորհում են: Արդյոք սա սխա՞լ չէ:

Սոնա - Ես չեմ կարծում` դա սխալ է: Միջազգային նախագծեր են, որ եթե անգամ ինչ-ինչ փոփոխություններ արվում են, բայց նախագիծը, մեծ հաշվով, չի կարող փոխել և ոչ մի հեռուստաալիք: Եվ եթե դրսի նույն նախագծերի մասնակիցների պայմանագրերը նայենք, այնտեղ շատ խիստ պայմանագրեր են՝ մոտավորապես հինգ տարի, և պայմաններն էլ են ուրիշ, բայց չէ՞ որ այդ նույն հեռուստաընկերությունը աշխատանք է արել, այդ մարդուն մինչև այդ պահը չեն տեսել, հնարավորություն չի եղել, և բնական է, որ այդ հեռուստաընկերությունը պետք է ունենա պայմանագիր աշխատելու: Ռուսաստանում նվազագույնը հինգ տարով են կնքվում այդ պայմանագրերը, մինչդեռ այստեղ, փառք Աստծո, մեկ տարի է: Սա թող լինի Մաշայիս համար լուրջ ցատկահարթակ, նա չորս տարեկանից երգում է ոչ թե տանը, այլ մարդկանց առջև մեծ և փոքր դահլիճներում, թեկուզ լավ ռեստորանում: Ես ոչ մի վատ բան այդտեղ չեմ տեսնում, բայց գոյություն ունի մակարդակ: Տեսեք, «Եվրատեսիլից» քանի՞ մարդ գիտեք, որ ճանաչվել է, ես օրինակ, բացի «Աբբայից», մարդ չգիտեմ, առաջին տեղն է գրավել, և աշխարհը գիտի: Բոլոր նախագծերն էլ մինուսներ կունենան, բայց եկեք ամեն ինչի մեջ դրականը տեսնենք, չէ՞ որ դա էլ ինչ-որ շանս է, ինչ-որ տարբերակ, որը հնարավորություն է տալիս մարդուն իրեն ներկայացնելու: Կամ ասում են՝ վայ, առաջին տեղն է, հիմա տեսնենք՝ ինչ է լինելու: Դա կապ չունի, կարևորը, որ մարդ աշխատում է, երգում ու տարբեր տեղեր, և ինչքան կարողանա շատ համերգներ տա, այդքան իր փորձը կշատանա, այսօր մենք տեսնում ենք, որ շատ «կայացած» արտիստներ կենդանի չեն կարողանում երգել:

- Մաշա, Ձեր ազգականներից ո՞վ առաջինը նկատեց, որ երգելու ձիրք ունեք: Արդյոք ճի՞շտ եմ լսել, որ հորաքույրն է:

- Շատ ճիշտ եք լսել, այս ընտրության հարցում ամենամեծ «մեղավորն» իմ հորաքույրն է: Ես չորս տարեկանում առաջին անգամ գնացի «Դեղձանիկ» մանկապատանեկան համույթ: Տասը տարի սովորել եմ այնտեղ, իմ առաջին քայլերը այնտեղից են սկսվել, ավարտել եմ երաժշտական դպրոցը, այնուհետև տեղափոխվել եմ Երևան, հիմա սովորում եմ Մշակույթի պետական քոլեջում, համագործակցում եմ Նադեժդա Սարգսյանի հետ և շատ շնորհակալ եմ հորաքրոջս, որ այդ տարիքում ինձ կարողացավ ճիշտ կողմնորոշել:

Սոնա - Ես էլ եմ շատ շնորհակալ հորաքրոջդ՝ Ռուզաննային: Տանը միշտ պետք է լինի մեկը, ով կողքիդ է, եթե ընտանիքի մեջ շատերը դեմ լինեն: Օրինակ՝ մայրս ասում էր՝ միայն իմ դիակի վրայով Սոնան կգնա Մոսկվա, բայց հայրս կանգեց, ասաց, որ չէ, պետք է գնա:

- Երաժիշտ Արմեն Մարտիրոսյանը գնաց Կանադա, Սոնան` Մոսկվա, և ըստ էության` մենք Հայաստանում կայացած արվեստագետ չենք ունեցել, Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան և այլք, բոլորը դրսում են կայացել: Հայաստանը փո՞քր տարածք է երաժիշտի կայացման համար:

- 17 տարեկանում գնացի Մոսկվա, հետո եկա, Արմեն Մարտիրոսյանի ջազ-բենդի հետ համագործակցեցի, արդեն ծանոթ էի Կոստանդին Օրբելյանի հետ, երգեր գրեց ինձ համար: Բայց ասեմ, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, տարբեր երկրներում տարբեր բեմերում ենք ելույթ ունեցել խմբում, բայց հավատացեք, ամենապատասխանատու, ամենադժվար հանդիսատեսը Հայաստանում է:

- Ավելի բծախնդի՞ր է հայ հանդիսատեսը:

- Ոչ թե բծախնդիր է, այլ իրոք շատ տարբերվում է երաժշտության ընկալման մակարդակով: Հիմա շատերը կարող են ասել` ինչ մակարդակ, հիմա ուրիշ երաժշտություն են լսում, առաջվանը չի, մեր ժամանակ մի քիչ ուրիշ ձև էր, բայց հավատացնում եմ՝ ամեն տեսակի երաժշտություն էլ կա, հասարակությունը հնարավորություն ունի գնալ որ մեկին ցանկանա:

- Սոնա, այնուամենայնիվ, ինչո՞ւ է Հայաստանում գնահատվում արդեն դրսում կայացած հայ արտիստը:

- Չեմ կարող ձեզ հետ համաձայնել: Սոնային այստեղ էլ էին սիրում, երբ փոքր ժամանակ ջազ նվագախմբում էի, ժողովուրդը գալիս էր լսելու, երբ ես սկսում էի երգել, լսում էին ձայնս, ասում՝ դե ուրիշ ա էլի, և հիմա սուտ կլինի, որ ասեմ՝ ինձ մենակ սիրեցին, երբ ես գնացի Մոսկվա: Վա՞տ է, որ մենք ներկայացնենք, մեր ազգը ճանաչեն, չէ՞ որ արվեստով պետք է ճանաչեն: Խորովածը որպես ուտելիք լավ է, ընտիր է, տենց համով ուտելիք ոչ մի տեղ չկա, բայց մեկ է, ազգը դրսում արվեստով պետք է ներկայացնեն: Երբ երգում եմ, հրեան ասում է` մերն է, հայերը, վրացիները ասում են` մերը, թուրքերը ասում են` մերն է, ես էլ ասում եմ՝ բոլորինն եմ... Բայց իհարկե ես հայ եմ:

- Մաշա, ի՞նչ ծրագրեր ունեք, գիտեմ, որ առանց մրցութային փուլերի կմասնակցեք «Նոր ալիք» նախագծի կիսաեզրափակիչին և Universal Music Group-ից արտերկրում մեկ սինգլի ձայնագրման հնարավորություն ունեք: 

- Տվյալ պահին պայմանագիր ունեմ «Արմենիա» հեռուստաընկերության հետ մեկ տարի, շատ պլաններ կան, շատ համերգներ հետագայում, իսկ ինչ վերաբերում է ուսմանս, ապա ես շատ կուզենայի արտերկրում սովորել, որպեսզի մի քիչ էլ ունենայի բազա՝ հասկանալու՝ դրսում ինչ է կատարվում, իսկ եթե ինձ բախտ չհաջողվի դրսում սովորել, Կոնսերվատորիայում կսովորեմ, ինձ համար բարձրագույն կրթությունը շատ կարևոր է: Արման Սահակյանի արձագանքի համար շատ ուրախացա, շնորհակալ եմ նրան: Բացի այդ, ինձ աջակցում են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նաև Մարտուն Գրիգորյանը, նրանց էլ շատ շնորհակալ եմ, Ֆրանսիայում ապրող իմ ուսուցիչը՝ Գրիգոր Թագվորյանն է աջակցում, ով «Ղեղձանիկ» մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավարն է, շատերը ցանկություն ունեն օգնելու: Իմ երկիրը շատ եմ սիրում, իմ հարազատ Գյումրի քաղաքը շատ եմ սիրում, և ուր էլ գնամ, որտեղ շրջագայեմ, միևնույն է, վերադառնալու եմ վերջում այստեղ, կարելի է գնալ սովորել, որոշ ժամանակ ապրել, բայց չմոռանալ այն ճանապարհը, որտեղ երկար տարիներ տանջվել և հասել ես քո նպատակին:

- Սոնա, Դուք սկզբում խոսեցիք մրցույթի արդարությունից, իսկ այս ամիսներին Հայաստանում լինելով, արդարության դեֆիցիտ զգացի՞ք, ո՞ր մակարդակի վրա է:

- Դա միայն Հայաստանին չի վերաբերում, դա ամբողջ աշխարհին է վերաբերում, կարևոր չէ Հայաստան, թե Մոսկվա, կարծում եք` Մոսկվայում այդպես չէ՞: Աշխարհի վերջին պետք չէ սպասել, վաղուց է այն եկել, արժեքներն են կորել, ես իմ արժեքները չեմ փոխում: Ես կուզեի այդ արժեքները չկորեին, իմ տատը, պապը ասում էին՝ մեծ ու պուճուր ճանաչեն, հարգանք լինի մեծի հանդեպ, մենք պետք է այնպես ապրենք, որ մեզնից հետո մեր թոռները, ծոռները մեր սխալների համար քիչ պատասխան տան, ինձ համար դա է կարևոր: Ես միշտ ասում եմ՝ ես կապված եմ իմ նախնիներին: