Կորեացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում. Սոնգ Հա-Ջին


22:20 , 20 հուլիս, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ներդրումային ծրագրերի համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ: Սոնգ Հա-Ջինը նշել է, որ կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում, և այցի շրջանակում արդյունավետ հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ:

Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում զարգացման ներուժ ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է նշված բնագավառերնում հայ-կորեական կապերի զարգացմամբ, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների համագործակցությանը: