Անցումային փուլից հետո Արցախն ունենալու է բարեփոխված պետություն՝ ուժեղ նախագահական համակարգով. Դավիթ Բաբայան


12:30 , 20 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ երկրի նախագահ է ընտրել գործող նախագահ Բակո Սահակյանին: Քվեարկությանը մասնակցած 32 պատգամավորից 28-ը քվեարկել են նրա օգտին։ 

Առաջադրված մյուս թեկնածուն Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանն էր։ Արցախում նախագահի ընտրության, անցումային շրջանի և կառավարման համակարգում փոփոխությունների մասին Tert.am-ը զրուցեց Արցախի Նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Արցախի Հանրապետությունում Ազգային ժողովը երկրորդ անգամ է փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում նախագահ: Եթե համեմատականներ տանենք, ի՞նչ շրջաններ են սրանք, և ինչպե՞ս անցան ընտրությունները խորհրդարանում:

-Այո, սա երկրորդ անգամն է, որ Արցախի խորհրդարանն է նախագահ ընտրում, և երկու դեպքերն էլ եղել են անցումային փուլի համար: Առաջինը 1994-ի նոյեմբերի վերջին է եղել, երբ անցում կատարվեց խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականին: Ճիշտ է, այնտեղ եղել են նաև պետական պաշտպանության կոմիտեի կազմալուծումն ու պատերազմական իրավիճակից անցումը դեպի խաղաղ պայմաններ: Այդ ժամանակ առաջին անգամ Արցախի ԱԺ-ն ընտրեց առաջին նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին: Առաջին նախագահը պաշտոնավարեց մինչև 1996 թվականը, ինչից հետո եղան համաժողովրդավարական ընտրություններ:

Այժմ նորից Արցախն անցումային փուլ է մտնում, բայց դեպի ուժեղ նախագահական համակարգ. սա ինքնին առանձին գործընթաց է, պարտադիր գործընթաց է, նոր սահմանադրության պահանջն է, որպեսզի 3 տարով ԱԺ-ն ընտրի նախագահին, այնուհետև լինելու են համաժողովրդական ընտրություններ: Ընտրությունն անցել է նորմալ, և սա համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նոր սահմանադրության շարունակությունն է: Իսկ այն, որ սահմանադրական հանրաքվեն անցել է բաց ու թափանցիկ, դրա մասին փաստել են միջազգային դիտորդները, որոնց աշխարհագրությունը ձգվում էր Հարավային Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք, Եվրոպա և Ռուսաստան:

-Ի՞նչ է սպասվում Արցախին առաջիկա երեք տարում՝ մինչև նոր նախագահական ընտրություններ:

-Երեք տարվա ընթացքում օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությունը: Մեծ աշխատանք կա կատարելու, սեպտեմբեր ամսին կառավարությունում են լինելու փոփոխություններ, որը կլինի աջակցող, խորհրդատվական մարմին:

-Անցումային փուլում ի՞նչ նպատակներ կան, ի՞նչն է փոխվելու, և երեք տարի անց Արցախն ի՞նչ է ունենալու:

-Արցախն ունենալու է նոր Սահմանադրության համապատասխան կառավարման համակարգ, բարեփոխված պետություն, իսկ այս բարեփոխումների միակ նպատակն այն է, որ ավելի էֆեկտիվ դարձվի կառավարման համակարգը: Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, լինելու են շատ յուրահատուկ փոխհարաբերություններ օրենսդիր և գործադիր մարմինների միջև, դատական համակարգն էլ ավելի թափանցիկ է դառնալու, ընդհանուր առմամբ ակնկալիքներ ունենք, որ պետական համակարգն ավելի էֆեկտիվ է լինելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։