23:19 , 3 ապրիլ, 2013
Հեռախոսով խոսելու կուլտուրան կախված է մարդու մտածելակերպից, խոսելու ձևից և լսելու ունակությունից։ Ուստի կնշեմ միայն այն, ինչ անմիջականորեն կապված է հեռախոսով զրուցելու հետ, բայց կան ուրիշ շատ-շատ բաներ, որոնք մարդիկ պետք է զարգացնեն մարդկային բոլոր տեսակ հարաբերությունների համար և ոչ թե միայն հեռախոսային զրույցների համար։ Նշեմ, թե ինչն է չընդունելի և ինչն է ընդունելի։
Անընդունելի
«Ալո, բարև, ես եմ», կամ՝ «Ապե՜՜՜՞՞՞՞՞՞ր, չիմացա՞ր՝ ով ա, հըլը լավ մտածի»:
Հաճախ ասվում է լավ մղումներով, սակայն դիմացինին դա դնում է անհարմար վիճակի մեջ և շատ հաճախ նյարդայնացնում է։ Պատճառները պարզ են։
Ընդունելի
Ուստի ինձ համար ընդունելի տարբերակն է, որը և ինքս հաճախ կիրառում եմ, «ալո»-ն ասելուց հետո միանգամից ներկայանալը՝ «Ալո, բարև Պողոս ջան, սա Պետրոսն է Դար Ակումբից»։
Անընդունելի
Ուտելով խոսելը։ Ծամելու ճպճպոցը ուժեղանում է խոսափողի միկրոֆոնի շնորհիվ, ու զրուցակիցը մի քանի անգամ ուժեղ ու «վիսոկիները» քոքած լսում է անդուր ճպճպոցը։
Ընդունելի
Պատասխանելուց առաջ բերանի պարունակությունը կուլ տալ։ Կամ եթե նոր ենք կծել մեր սիրած համբուրգերը, ապա ավելի ցանկալի է այդ պահին չպատասխանել։
Անընդունելի
Գոռալով խոսելը։ Չգիտես ինչու, երբեմն մեզ թվում է, որ եթե գոռալով խոսենք, դիմացինը կլսի։ Բայց դա սովորաբար հակառակ արդյունքն է տալիս։
Ընդունելի
Ցանկալի է խոսել հանգիստ ձայնով, առանց գոռալու և առանց կրկնելու։ Եթե արտասահման եք խոսում, ապա կրկնելը լրիվ հակառակ էֆեկտն է ստեղծում՝ ձայնը ուշացած է հասնում ու չի հասցնում լսել ձեր առաջին ասածը, դրան է խառնվում նաև ձեր երկրորդ անգամ ասվածը։ Ուստի եթե կապը վատն է, պետք է ասելուց հետո հանգիստ սպասել, ինչը անհարիր է հային :)) , մինչև զրուցակիցը «կստանա» մեր ասածը ու կպատասխանի։
Անընդունելի
Ընդհատելը։ Ամենատարբեր պատճառներով հնարավոր է ընդհատել զրուցակցին։ Սակայն հաճախ այդ պատճառները անհիմն են։
Ընդունելի
Հարկավոր է հիշել՝ «Մի ընդհատիր, որ չընդհատվես» սկզբունքը։ Հարկավոր է լսել ուշադիր՝ մինչև զրուցակիցը կավարտի իր խոսքը։
Անընդունելի
«Գժվացնողներին» կոպտելը կամ սպառնալը։ «Արա՛, եթե մի անգամ էլ զանգես գլուխդ կջարդեմ»-ա տիպ արտահայտությունները սովորաբար խնդիրը լուծելու փոխարեն ավելի են այն բարդացնում։ Այդպիսով մարդ ինքն իրեն կանգնեցնում է խնդրի առջև։ Իհարկե, սա չի վերաբերվում նրանց, ովքեր կռվի առիթներ են փնտրում ու պարապությունը փորձում են լրացնել տղերքով մեկի գլուխը ջարդելով կամ նրանց, ովքեր նման կերպ վարվելով լրացնում են ինքնահարգանքի պակասը։
Ընդունելի
Դնել լսափողը։ Սովորաբար դրանից լավ տարբերակ չկա։ Գժվացնողը կամ վիրավորական արտահայտություններ ասողը իր նպատակին հասնում է այն ժամանակ, երբ սկսում ես պատասխանել։ Իսկ լսափողը կախելը ամենահարմար ու արդյունավետ տարբերակն է։
Իսկ մեղմությունը, նրբանկատությունը, տակտը, հարգանքը և ուշադրությունը դիմացինի հանդեպ և այլ նմանատիպ հատկությունները կգեղեցկացնեն ոչ միայն հեռախոսով խոսելու կուլտուրան, այլ նաև առօրյա մարդկային հարաբերությունների կուլտուրան։