Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը` սոցցանցերում` դրա հակառակը


22:59 , 3 ապրիլ, 2013

«Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով լրագրողին աշխատանքից ազատելը, ասաց հետեւյալը. «Յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը եւ նախապատմությունը: Յուրաքանչյուր լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը` սոցցանցերում` դրա հակառակը: Դա վտանգավոր է նաեւ լրագրողի տեխնիկայի համար: Կիմա Եղիազարյանինը այդ տարբերակն էր: Էստեղ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա»: Թերթի գլխավոր խմբագիրը հերքեց, թե լրագրողին աշխատանքից ազատել է նախագահական նստավայրի հրահանգով: «Կիման միշտ սովորություն է ունեցել գերագնահատել իշխանությանը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ «Հայոց աշխարհ»-ի կադրային քաղաքականությունը ուղղորդվում է նախագահականից, ապա նա չարաչար սխալվում է: Բոլոր որոշումները ընդունում է միայն գլխ. խմբագիրը, եւ նա է պատասխանատու ցանկացած որոշման համար»,-ասաց Գագիկ Մկրտչյանը:

Կիմա Եղիազարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ինքն այս օրերին չի հայտարարել, թե «Մարգոն կապ ունի»: «Իմ «հակաիշխանական» ստատուսների մասին ինձ զգուշացրել են դեռ գարնանը: Ես ունեմ սեփական կարծիք արտահայտելու իրավունք եւ այն, ինչ գրել եմ սոցցանցում, երեւակայությանս զոռ տալով չեմ գրել, դա մեր իրականությունն է, ինչի մասին ամենուր խոսում են բոլորը»,-ասաց Եղիազարյանը: Նա նշեց, որ ի տարբերություն հայհոյախառն տեքստեր գրողների, ինքը ոչ մեկի անձնական վիրավորանք չի հասցրել, բայց, որքան հասկանում է, հայհոյողների հանդեպ են հանդուրժող, չհայհոյողներին ատում են (իշխանությունները - հեղ.): Լրագրողը նաեւ պնդում է, որ ինքը երբեք չի եղել «իշխանության մարդ»: