Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանի հանդեպ հետախուզում սկսելու որոշում է ստորագրվել


18:42 , 17 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի հանդեպ հետախուզում սկսելու որոշում է ստորագրվել, այս մասին հայտնում է թուրքական artigercek.com կայքը:
 Հիշեցնենք, որ օրեր առաջ Նշանյանը փախել է Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող Ֆոչա բաց ռեժիմի բանտից՝ ավելի ուշ հայտարարելով, որ պատրաստվում է լքել երկիրը:
 «Եկել է շունչ քաշելու ժամանակը: Մտածեցի՝ արդեն բավական է: Այս պայմաններում որոշեցի օգտվել պետության թերացումներից և դուրս գալ նրանց վերահսկողությունից», - ասել էր Նշանյանը թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի հետ զրույցում:
 Ավելի ուշ՝ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին տված հարցազրույցում Նշանյանն ասել էր. 

«Ես չէի կարող թույլ տալ, որ այս ապուշությունը շարունակվի: Որոշ ժամանակ անց կարող եմ դուրս գալ երկրից: Բայց Թուրքիան մեր երկիրն է: Անպայման մի օր կվերադառնանք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Որոշակի գումար վճարող յուրաքանչյուրը, ինչպես տեսաք, կարողանում է փախչել: Անվտանգության աշխատողներին էլ եթե տաք այդ գումարը՝ շատ հանգիստ կարող եք փախչել»:

Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։