22:30 , 14 հուլիս, 2017«Ամեն անգամ, երբ խոսում ենք նրա մասին, թե պատերազմ կլինի՞, թե՞ չէ, պետք է հիշենք Չեխովի այս խոսքը. եթե թատերական ներկայացման ժամանակ պատից կախած է հրացանը, ապա մինչև ներկայացման ավարտն այդ հրացանը պետք է կրակի: Հիմա Ադրբեջանը զինվում է ու զինվում է բացառիկ տեմպերով, խոսքը վերաբերում է բոլոր տեսակի զինատեսակներին՝ հրթիռներին, արկերին, որոնք արձակելու է պատերազմի ժամանակ: Նա իրականացնում է ֆունդամենտալ անցում, սա հենց այնպես չի արվում, այդ գործընթացը կավարտվի եկող տարի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանախոսը:
Վարդան Խաչատրյանի խոսքով՝ սա տվյալ երկրի համար բավականին ծանրակշիռ ու ծախսատար ծրագիր է: Այս ամենը չի արվում նրա համար, որ ինչ-որ մեկը խոսի կամ գրի դրա մասին:
Բանախոսը նշեց, որ Ադրբեջանն արդեն ունի դրական ինչ-որ փորձ, ինչը մինչ այդ չկար: Նրա կարծիքով՝ որքան էլ մեզ հույս էինք տալիս, որ չի լինելու պատերազմ, բայց, այնուամենայնիվ, այն եղավ.
«Պատերազմից հետո զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե կանաչ լույս ստանալով աշխարհի ուժային կենտրոնում, այլ ստանալով ընդամենը դեղին լույս, որից հետո թեև պարզ չէր՝ կարմի՞րը կվառվի, թե՞ կանաչը, բայց, այնուամենայնիվ, նա գնաց այդ ռիսկին»:
Վարդան Խաչատրյանն այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է «համայն հայոց հնարավորությունները և պոտենցիալը մաքսիմալ արագ մեկտեղել»: Նրա կարծիքով՝ պետք է կազմել մի ծրագիր, որն իր մեջ կներառի, թե օր առ օր ինչ է լինելու և ինչ պետք է անել: Եթե նկատելի է, որ չենք պատրաստվում պատերազմի, ուրեմն կարող ենք ասել, որ պատերազմը լինելու է անխուսափելիորեն: «Պատրաստվեք պատերազմի, որպեսզի պատերազմ չլինի»,- շեշտեց Վարդան Խաչատրյանը: