19:00 , 2 ապրիլ, 2012Ամենաազատությունը ներքին ազատությունն է: Ինքնաճանաչողությունը աճում է ներքին ազատության չափով: Որքան ազատ եմ լինում ինքս ինձանից, այնքան անկեղծ եմ սեփական մտադրություններիս մեջ, լուսավորվում են դիմագծերս և դրանց ծամածռությունների հնարավորությունները ավելի մեծ են դառնում, ավելի իրական: Խաղում եմ իմ խաղը, մեկին հարազատ, սակայն խանգարող, մյուսին չվերաբերվող, սակայն խանգարող: Հետո քիչ -քիչ դեն եմ նետում մթոտ վախերս, ընկնում եմ, բարձրանում, սպիանում են ընկնելուց հետո առաջացած վերքերը և այդպես ինքնակատարելագործվում եմ:
Որոշ ժամանակ առաջ չէի հասկանում նրանց, ովքեր «անազատ» էին համարում սիրուհիներից և սիրեկաններից զերծ «ընտանիքը»: Ամեն անգամ խռովում էի, կարծելով ապտակ են հասցնում հասարակական բարոյական արժեքներին, ցավեցնում երեսը բոլորիս դիմագծերով...: Մտածում էի կծերանանք ժամանակից շուտ, մինչև որ աչքիս ամեն ինչ բաժանվեց, էլ ինձ չի խանգարում դիմացի դիմակը , կողքի դիմակը, ետևի դիմակը... արդեն ունեմ իմ դիմակը,ավելի լուսավոր, իրական և շատ ծամածռվող...:
Իմ ամենաազատությունից հետո և իմ դիմակը հասարակության դիմակից տարանջատելուց, ինքնահղկումից առաջ ազնիվ եղա ինքս ինձ հետ և հասկացա սիրելու իմ և սիրելու քո ձևը, սիրո դրսևորումներում իմ և քո ձևերը:
Հեռանում եմ մեր խաղից, ուր իմ ամենաազատությունում, իմ սիրո մեջ վերջանում է քո ամենաազատությունը, քո սերը…
«Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար…»