Ալխանլու գյուղում սպանված աղջնակի դեպքին Իրանում ադրբեջանամետ դիրքորոշումով անդրադարձել են 3 հոգի


21:50 , 10 հուլիս, 2017

Ադրբեջանական Ալխանլու գյուղում մանկահասակ աղջկա սպանվելու կապակցությամբ մասնակի կամ ամբողջական ադրբեջանամետ դիրքորոշումներով Իրանում այս օրերին աչքի են ընկել միայն Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետ Հասան Ամելին, Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մանսուր Հաղիղաթփուրը և նույն խորհրդարանի՝ Ուրմիայից ընտրված պատգամավոր Ռուհոլլահ Հազրաթփուրը: Նշված անձանցից բոլոր երեքն էլ ներկայացնում են Ատրպատականի թյուրքալեզու շրջանների ծայր արևելքը և արևմուտքը. առաջին երկուսը սերում են Արդաբիլից, իսկ վերջինը՝ Ուրմիայից:

Այս առումով ուշագրավ է, որ Ատրպատականի կենտրոն Թավրիզը ներկայացնող իրանցի որևէ քաղաքական, կրոնական կամ հասարակական գործիչ նշված իրադարձության կապակցությամբ ադրբեջանամետ հայտարարությամբ կամ դիրքորոշմամբ առայժմ հանդես չի եկել, ինչը ցուցիչ է առ այն, որ պանթյուրքական եզրաբանությամբ՝ «Մեծ Ադրբեջանի մայրաքաղաքում» Բաքվի բռնապետական վարչակարգը լրջորեն զիջել է դիրքերը՝ Իրանի ներսում ադրբեջանամետ լոբբինգ ապահովելու գործում և որոշակի հաջողության հասել միայն Ատրպատականի «ծայրամասային» հատվածներում, ինչը այդքան էլ տպավորիչ չէ՝ հաշվի առնելով հատկապես ադրբեջանական ծախսված ռեսուրսների ծավալները: