12:26 , 3 ապրիլ, 2013
Տպավորություն կա, որ իրեն տրված դասերը նա այդպես էլ չի կարողանում սովորել: Յուրացնել: Ոչ մի կերպ:
Պատճառը երեւի անվերջ հետագձվող վերջին դասն ու ինֆեկցիայի պատճառով երկարաձգվող դպրոցական համատարած արձակուրդներն են: Բայց կարծես դատական բժիշկ Աշոտյանն ասաց, որ ինֆեկցիան արդեն վերացել է` դասերն էլ սկսվել են:
Ինչեւէ. ես չէ, իմաստնությունն է արձանագրում. խելոքները սովորում են այլոց սխալների, հիմարներ` սեփականի վրա:
Կամ` չեն սովորում:
Ինչո՞ւմն է խնդիրը (կներեք` քիչ է մնում ասեմ` «շլյապայում», բայց չեմ ասում. զի բարեկիրթ եմ):
Բանն այն է, որ գործելաոճը, որ որդեգրել է ԲՀԿ-ն, տարօրինակ է այն առումով, որ վերջինիս հետ կատարվողն անվերջ դեժավյուի տպավորություն է թողնում:
Կարծես այսպես մի անգամ էլ է եղել. Ուրիխանյանը, Էլինարը, լիքը ԲՀԿ-ականներ էսկադրոնով արշավեցին դեպ Արամուս:
Չէ, ոչ գազարի: Պարզվեց` այնտեղ էլի «հալածում-բռնում-բռնադատում», անողոք ձեւով «ձերբակալում» էին ԲՀԿ-ականներին:
Իրենք չէին թողնելու. համայնքը զորավո՜ր է, համայնքը չի ների. գոչում էին նրանք:
Հետո պարզվեց, որ ոստիկանությունն ընդամենն իր գործն էր անում. գյուղապետարանում «ուսումնասիրում» էր գյուղապետի տեղակալի փաստաթղթերը:
ԲՀԿ-ն հետո ասաց, որ` հա՜, էդպես է, որ կա: Ինքը պրոստը «տրվեց» պայքարի ոգուն:
Այն է` ավելորդ ակտիվությունն ու պոպուլիզմին:
Նույնը հիմա: էլի բոլորով վեր կացան, արագի մեջ, «ամբոխները խելագարված» պոզայով գնացին սեփական դոշով, թաթիկներով պաշտպանելու սեփական ԲՀԿ-ականներին, որոնց կարծես «ձերբակալում», «հալածում», «ձերբակալում» էր ոստիկանությունը:
Պարզվեց... էլի: Ոստիկանությունն ընդամենը իր գործն է անում: Մարդուն կանչել էր բաժին, որն էլ համատեղելությամբ ԲՀԿ-ական էր: Կրակն ընկանք:
Թվում է՝ էս ԲՀԿ-ն բան ու գործ չունի, զանգ է ման գալիս, քաշի-ղողանջեցնի:
Ախպե՛ր ԲՀԿ. պարապ եք, ավելի ազնիվ չէ՞ շարունակել թխանալ ու ծուլանալ Դուբայի բարկ արեւի տակ, քան այդքան անձնուրաց «պայքարել»... ԲՀԿ-ի համար:
Պայքարում եք, որ ի՞նչ անեք: