Իրանում գտնվող Ադրբեջանի մշակույթի նախարարն այսօր այցելել է ԻԻՀ Արդաբիլ նահանգ. այդ այցը պատահական չէր


06:16 , 7 հուլիս, 2017

Իրանում գտնվող ԱՀ մշակույթի նախարարն այսօր այցելել է ԻԻՀ Արդաբիլ նահանգ և Շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլիի դամբարան։

Այցը գուցե ոչ մի նշանակություն էլ չունենար, եթե այցելողը լիներ ոչ թե ԱՀ, այլ մեկ այլ երկրի մշակույթի նախարար։

Ինչպես գիտենք, Բաքվի բռնատիրական վարչակարգն Իրանի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանները անվանում է «Հարավային Ադրբեջան»։ Ըստ ականատեսների՝ այդպես է կոչվում նաև ԱՀ ԳԱԱ-ում գործող իրանագիտության ամբիոնը կամ ինստիտուտը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն Իրանի վերոնշյալ հատվածների հանդեպ ունեն տարածքային նկրտումներ, Սեֆյան արքայատոհմը համարում են ադրբեջանական, արքայատոհմի հիմնադիր Իսմայիլ Ա-ին, բնականաբար, ադրբեջանցի, դե իսկ Շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլին էլ շահ Իսմայիլի նախնին էր և Սեֆյան կամ ղզլբաշների եղբայրության հիմնադիրը։

Այս համատեքստում արդեն որոշակի լույս է սփռվում ԱՀ մշակույթ նախարարի՝ հատկապես Արդաբիլ նահանգ և Շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլիի դամբարան կատարած այցի իրական մտադրությունների վրա։

Բնական է, որ իրանցիները, շատ լավ տեղյակ լինելով այս ամենին, հավանաբար այցն այնպես են կազմակեպել, որ ադրբեջանցի պաշտոնյան, ինչպես ասում է ժողովրդական խոսքը, «աչքե տես, բերնե կարոտ» մնա։