21:33 , 5 հուլիս, 2017Նավակի տարողունակությունը, որի ուղևորները մահացել են հուլիսի 2-ին ՌԴ Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում, գերազանցվել է 4 մարդով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ մարզային վարչության ներկայացուցիչ Իվան Կոլկովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Նավակը նախատեսված է եղել 5 հոգու համար: Այնտեղ եղել է 9 մարդ, որից 6՝ երեխա: Նավակի բոլոր ուղևորները եղել են առանց փրկարարական բաճկոնների»,- ասել է Կոլկովը:
Նա հայտնել է, որ դեպքի վայրում լճի խորությունը եղել է 2,5 մետր:
Մասնագետները պարզել են, որ նավակի առաջնամասում փոքր անցք է եղել: Երբ նրանք այնտեղ ջրի կուտակում են նկատել, տեղափոխվել են նավակի հետևի հատված, ինչի հետևանքով այն շրջվել է:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով: Չելյաբինսկի նահանգապետը հայտնել է մահացածների ընտանիքներին նյութական օգնություն տրամադրելու մասին: