Իրանին մտահոգում է Թուրքիայի՝ ջրային պաշարներն օգտագործելու քաղաքականությունը


02:19 , 5 հուլիս, 2017
Իրանին մտահոգում է Թուրքիայի՝ ջրային պաշարներն օգտագործելու քաղաքականությունը: Տարածաշրջանին ահաբեկչությունից, միջէթնիկական ու կրոնական հակամարտություններից զատ՝ սպառնում է նաև ջրային ռեսուրսների սակավությունը, որը կարող է Իրանի և Թուրքիայի միջև լուրջ հակասություն առաջացնել, առավել ևս, որ տարածաշրջանի այս երկու մրցակից երկրները կրոնական, քրդական և մի շարք այլ գործոններով պայմանավորված լուրջ տարաձայնություններ ունեն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում տեղի ունեցած բնապահպանական միջազգային կոնֆերանսի ժամանակ, քննադատելով Թուրքիայի՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացրած գործողությունները, մասնավորապես ասել է. «Ջրամբարների և ամբարտակների կառուցումն առանց բավարար չափով տեղեկատվություն տալու և առանց հաշվի առնելու բնապահպանական ռիսկերը տարածաշրջանի համար կարող է խիստ վտանգավոր լինել: Տարածաշրջանի երկրներից մեկը, որը նպատակ ունի 22 ջրամբար կառուցել, կարող է վնաս պատճառել Տիգրիս և Եփրատ գետերի էկոհամակարգին, որն էլ իր հերթին կարող է բացասաբար ազդել Իրանի, Իրաքի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների վրա, ուստի չպետք է դրա նկատմամբ անտարբերություն ցուցաբերել, և նմանատիպ նախագծերի մեծ մասի գործունությունը պետք է դադարեցվի»:
90-ական թվականների սկզբին Թուրքիան Եփրատ գետի վրա կառուցել է «Աթաթուրքի» անվան ջրամբարը, իսկ ներկայումս Տիգրիս գետի վրա կառուցվում է «Իլիսուի» ջրամբարը, որը շահագործման կհանձնվի 2019 թ.:
Իրանցի մասնագետների կարծիքով, եթե նման տեմպերով Թուրքիան օգտագործի ջրային ռեսուրսները, ապա Իրաքի տարածքի մեծ մասն ու Իրանի արևմտյան նահանգները կկանգնեն անապատացման լուրջ վտանգի առջև՝ տարածաշրջանում առաջացնելով բնապահպանական աղետ: