Դինքի սպանության գործով ներգրավված է 86 կասկածյալ. նրանց թվում է նաև Ֆեթուլլահ Գյուլենը


13:00 , 4 հուլիս, 2017

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին ավարտվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: «Ակոս» պարբերականի հաղորդմամբ՝ դատական գործում ներգրավված են 86 կասկածյալ, որոնցից 30-ն այս պահին կալանավորված են:

Կասկածյալների շարքում է նաև չափավոր իսլամի քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:

Որպես կասկածյալ են ներգրավված նաև հայտնի թուրք դատախազ Զեքերյա Օզը, ով փախուստի մեջ է, ինչպես նաև փակված հայտնի ընդդիմադիր «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն:

Նիստի ընթացքում ընթերցվել են մեղադրականները: Դատարանում է եղել նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Հուլիսի 4-ին դատական նիստը շարունակվելու է: