15:46 , 2 ապրիլ, 2013
Շատ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում:
Ընտրությունների շեմին, ընթացքում, հետո`տեղի են ունենում աղմկալից ինչ-որ դեպքեր:
Հիմնականում` մահափորձ, այսօր արդեն` սպանություն:
Հասկանալի է, Կեսարինը` Կեսարին, Աստծունը` Աստծուն: Իրավապահ համակարգը կպարզի` ինչ է տեղի ունեցել, ինչու եւ չի կարելի խցկվել այդ ամենի արանքում:
Այնուհանդերձ, որոշակի օրինաչափություն, իսկապես, նկատվում է:
Հայրիկյանի դեմ մահափորձի մասին շատ խոսեցինք. բացարձակապես քաղաքական կոնտեքստում էր. խնդիր էր դրված հետաձգել ընտրությունները:
Ասել ենք` նման տեխնոլոգիա կիրառվել է նաեւ Ռուսաստանում` Պուտինի երկրորդ ընտրության ժամանակ, երբ թեկնածուներից Ռիբկինը առեւանգվեց, բայց սցենարը տապալվեց: Ինչպես եւ մեզանում:
Դանակը ձեռքը հոգեկան հիվանդը, չգիտես ինչու, Րաֆֆու միտինգների «թեժ» պահին վազում է լավագույնս հսկվող Ազգային ժողով, ուր մի անգամ արդեն «վազել» է Նաիրի Հունանյանը:
Եւ դա այն պահին, երբ ոչ մի կերպ չի ստացվում «անհնազանդների» շարժումը լայնամասշտաբացնել. բրգացնել, դրանով վարակել ողջ երկինքն ու երկիրը` հայոց:
Հոգեկան հիվանդ մարդը չգիտի` ինչու է վազում ԱԺ, իրեն «վազեցնողները» լավ գիտեն` ինչու:
Կարդացեք եւ դիտեք ոչ անհայտ Իվաշովին. նա գիտակ-կորիֆեյ է` գիտակցության վրա վիրտուալ, չիպային, մագնիտնի ազդեցությունների գծով:
Հիմա, այսօրվա` Կոտայքի ազատամարտիկ գյուղապետի սպանությունը:
Դաշնակցական է: Կոտայքի մարզում: Հնչում է ՀՀԿ-ից` դավին «մասնակցի» անուն:
Կարելի՞ է ասել՝ բոլորն էլ կոդային են:
Քաղաքականապես ասած` տաք ու պաղի արանքում: Եսի՞մ:
Երկրորդելով, որ պատճառ-հետեւանքային կապի բացահայտումը բացառապես իրավապահների տիրույթում է, պարզապես շատ հետաքրքիր է, որ այս փուլում եւ կրկին տեղի է ունենում իրավիճակի որոշակի լարում, էսկալյացիա:
Ցուցա՞նքը: Դե որ իրավիճակը «կոնտրոլի» տակ չէ: Էս երկիրը երկիր չէ, էս ինչ բարքեր են, ... մի խոսքով. արդարացի կոչեր, որոնք սակայն ոչ մի կապ չունեն այլեւս երկնում ճախրող ազատամարտիկի հետ:
Այլ` հնարավոր է եւ ծառայում են շատ բանալ, պրակտիկ նպատակների: Նույնիսկ դրդումների:
Եւ այնուհանդերձ, անկախ այլեւս ամեն ինչից.
-Խաղաղության մեջ ճախրիր, եղբայր: