17:11 , 4 հուլիս, 2017Առաջին անգամ հանդիպում ենք որևէ մեկին, իմանում նրա անունն ու վերջ. այլևս չենք իմանում՝ ինչ ասել ու սովորաբար հարցնում ենք՝ «ինչպե՞ս են գործերդ», «որտեղի՞ց ես», «ինչո՞վ ես զբաղվում» և այսպես շարունակ։ Համաձայնեք, որ ձանձրալի խոսակցություն է։
Այսպիսի սովորական հարցերը հոգնեցնող են, այնպես որ, դրանց փոխարեն կարող եք զարմացնել նոր բարեկամին՝ տալով իսկապես իմաստալից ու հետաքրքիր հարցեր։
Ո՞րն է քո պատմությունը։

Այս հարցը կարող է ունենալ բազմազան պատասխաններ. մարդիկ կսկսեն պատմել իրենց ուղևորությունների, արկածների, զվարճալի կամ տխուր դրվագների մասին, որը կապահովի հաճելի ու բովանդակալից զրույց։
Ո՞րն է եղել քո օրվա (շաբաթվա) գլխավոր իրադարձությունը։
Սա հիանալի հարց է խոսակցությունը դրական հունով տանելու համար, քանի որ զրուցակցին հնարավորություն է տալիս արտահայտվելու այն բանի մասին, ինչն ամենից շատ է նրան տպավորել։
Պատմի՛ր կյանքիդ ամենահիշարժան պահերից մեկը։

Այս հարց-խնդրանքը զրուցակցին հնարավորություն է տալիս կիսվելու Ձեզ հետ, նրա մոտ հաճելի էմոցիաներ է առաջացնում, ու զրույցն ինքնին դառնում է հաճելի ու խորը։
Ո՞ր գիրքն է ամենամեծ ազդեցությունն ունեցել քեզ վրա։
Այս հարցը խորացնում է Ձեր կապը զրուցակցի հետ։ Դուք հասկանում եք՝ ինչպես է գիրքը ինչ-որ չափով փոխել նրա կյանքը։ Բացի այդ՝ հավանաբար հետո զրուցակիցն էլ կցանկանա նույնն իմանալ Ձեր մասին։ Այնպես որ, հետաքրքիր զրույցն ապահովված է։
Ի՞նչ էիր երազում դառնալ մանուկ ժամանակ։

Հարցն իսկապես կօգնի շատ բան իմանալ դիմացինի մասին։ Մենք բոլորս էլ երեխա ժամանակ ունենում ենք մեր երազանքների մասնագիտությունը՝ լինի դա բժիշկ, ոստիկան, տիեզերագնաց, թե հերոս։ Հետո հարցրեք՝ ի՞նչ է նա աշխատում հիմա, կապեր գտեք անցյալի ու ապագայի միջև՝ հետաքրքիր կերպով բացահայտելով դիմացինի անձը։
Եթե կարողանայիր ամբողջ ճշմարտությունն իմանալ մեկ հարցով, ի՞նչ հարց կլիներ դա։
Պատասխանները կարող են շատ տարբեր լինել՝ «ո՞վ է սպանել Ջ.Ֆ. Քենեդիին» կամ «Աստված գոյություն ունի՞»։ Պատասխանը լուրջ թե կատակով կլինի՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ Ձեզ կհաջողվի հասկանալ դիմացինի հետաքրքրություններն, արժեքները, համոզմունքները կամ հումորի զգացումը։
Ինչո՞ւ ես ընտրել այդ մասնագիտությունը։

Այս հարցի պատասխանը Ձեզ կօգնի հասկանալ՝ ինչն է ոգևորում նրանց, մոտիվացնում, ինչն է ամենից շատ հաճույք պատճառում և արդյոք նրանց աշխատանքն իրենց համար կոչում կամ նպատա՞կ է։
Հարցերի հետ ամեն բան պարզ է։ Սակայն կա նաև մի քանի սկզբունք, որոնցով պետք է առաջնորդվեք, եթե ուզում եք հաճելի զրուցակից լինել։
Ուշադիր եղեք՝ ձանձրալի չդառնաք։
Չձանձրացնելու համար Ձեր մտքերը պետք է արտահայտեք հնարավորինս հակիրճ։ Այն մարդիկ, ովքեր դանդաղ են խոսում, երկար են մտածում պատասխաններ տալուց առաջ, իսկապես հոգնեցնում են ու ձանձրացնում։

Բացի այդ՝ կարևոր է մնալ պոզիտիվ։ Խուսափե՛ք լուրջ ու մոնոտոն լինելուց։ Ցույց տվե՛ք Ձեր էմոցիաները, ծիծաղե՛ք մարդկանց հումորների վրա, ժպիտով պատասխանե՛ք նրանց ժպիտին։
Հետաքրքասիրություն
Բազմաթիվ հետազոտություններ փաստել են, որ հետաքրքրասեր մարդիկ ավելի ստացված հարաբերություններ են ունենում։ Ցուցաբերե՛ք հետաքրքրասիրություն՝ դեպի զրուցակիցը։

Մեկ-երկու լավ պատմություն պատմե՛ք
Պատմե՛ք այնպիսի զվարճալի, հետաքրքիր, ուսուցանող պատմություններ, որոնք կլինեն իմաստալից ու արդեն փորձված կլինեն այլ մարդկանց կողմից։