21:00 , 2 հուլիս, 2017Չնայած որոշ դժվարություններին, որոնք իրականում բնորոշ են յուրաքանչյուր երկրի, Հայաստանում ապրելու շատ պատճառներ կան: Այնպես որ, ճամպրուկներն ու իրերը հավաքելուց ու արտերկիր մեկնելուց առաջ անհրաժեշտ է մտածել, թե ինչ եք կորցնում:

Երևանում առանց որևէ վախի կարելի է զբոսնել երեկոյան, անգամ գիշերային ժամերին: Շատ զարգացած երկրներ չեն կարող հպարտանալ հանցագործության այսպիսի ցածր մակարդակով և ապահովությամբ:

ԱՊՀ և արևմտյան այլ երկրների հետ համեմատած՝ հայկական դպրոցներում չկան երեխաներ, որոնք թմրամոլությամբ են տառապում: Դպրոցականները չեն օգտագործում ալկոհոլային խմիչքներ և չեն վարում վտանգավոր կենսակերպ:

Հայկական ընտանիքի դասական մոդել գոյություն ունի, որտեղ զույգը պայքարում է ընտանեկան բոլոր ճգնաժամերը հաղթահարելու և ընտանիքն ամուր պահելու համար:

Հայկական շուկաներում չեք գտնի գենետիկորեն մոդիֆիկացված կամ արագ պատրաստման սնունդ, որը տարբեր հիվանդությունների պատճառ կդառնա: Իսկ մեզ մոտ աճող բանջարեղենն ու մրգերն անմահական համ ունեն:

Հայաստանում զարգացած է ցույցերի և ընդդիմադիր ակցիաների մշակույթը: Իհարկե, դրանք միշտ չէ, որ ցանկալի արդյունքի են հասնում:

Չնայած այն փաստին, որ այստեղ աշխատանքի ընդունվելու համար հաճախ են օգտագործվում բարեկամական կամ ընկերական կապերը, միևնույն է, լավ մասնագետն իրեն արժանի աշխատանքը միշտ էլ գտնում է:

Շատերն են դժգոհում մեր մաքսային և հարկային համակարգից, սակայն իրականում դրանք իրենց առավելություններն էլ ունեն: Օրինակ՝ կոմերցիոն բիզնես հիմնելու համար չեն պահանջվում առողջությանը, բանկային գործառնություններին կամ բարձրագույն կրթությանն առնչվող փաստաթղթեր:

Հայերը միշտ միմյանց օգնության են շտապում՝ լինի դիմացինը հարազատ մարդ, թե անծանոթ: Բացի այդ՝ չի հնանում հյուր գնալու կամ հյուր ընդունելու գեղեցիկ ավանդույթը, հարևանների հետ ընկերություն անելն ու բարեկամների հետ հաճախ տեսնվելը: