Երկրի ժամը Բեռլինում


14:32 , 2 ապրիլ, 2012

Հաշվի առնելով, որ Գերմանիան ուժեղ բնապահպանական երկիր է` մտածում էի, որ էստեղ Երկրի ժամը հատուկ իրադարձություն պիտի լինի: Ինտերնետը փորփրեցի, զանազան վիդեոներ գտա, որտեղ ցուցադրվում էր, թե այդ ժամին ինչպես են Բեռլինի լույսերը հանգում: Սկսվում է Բրանդենբուրգյան դարպասից, տարածվում շրջակայքում: Էդ ընթացքում շուրջը լիքը մոմեր են վառվում:

Ոգևորվեցի ու որոշեցի այս տարի անպայման այնտեղ լինել: Համակուրսեցիներիս հավաքեցի, գնացինք:

Բրանդենբուրգյան դարպասի մոտ լիքը մարդ էր հավաքվել: Ձեռքներին գնդաձև ջահեր էին: Չնայած պայուսակիս մեջ վեց հատ մոմ կար (համենայնդեպս), որոշեցինք մենք էլ մասնակից դառնալ ու վերցնել գնդաձև ջահերից: Դարպասը դեռ լուսավորված էր: Դիմացը մոմերով երկրագունդն էր պատկերված:

Ուղիղ 20:30 Բրանդենբուրգյան դարպասի լույսերը հանգեցին: Հայտարարվեց, որ այդ պահին Էյֆելյան աշտարակն ու Բիգ Բենը նույնպես մթնում են:

Իսկ Բեռլինում շատ բան չէր փոխվել. շրջակայքում ամեն ինչ լուսավոր էր, ու մեր (երկրա)գնդերը ոչնչով չէին առանձնանում: Երբ ավելի ուշադիր նայեցինք, նկատեցինք, որ փողոցի լույսերից միայն ամեն երկրորդն է անջատված: Իսկ կողքի թանկանոց հյուրանոցի հեչ պետքը չէր, որ Երկրի ժամն է: Ոչ մեկի պետքն էլ չէր, բացի Բրանդենբուրգյան դարպասից ու այնտեղ հավաքված մի քանի հարյուր մարդկանցից: 


Երբ տուն եկա, իմացա, որ Երևանի բոլոր փողոցների լույսերն անջատել են: Այն նույն Երևանի, որի ղեկավարությունը հեռու է բնապահպանություն կոչվող գաղափարից, որտեղ դեռ ցերեկը Մաշտոցի այգու պատմությունները շարունակվում էին: