25 տարի ապրում եմ առանց Վարդանի և Վարդանի հետ. Դուշման Վարդանի քույր


16:36 , 1 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Այսօր Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի, ոչ թե մահվան, այլ անմահության ճանապարհի 25-րդ տարելիցն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Դուշման Վարդանի քույր, Գ. Նժդեհի անվան համար 161 դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը՝ հավելելով, որ 25 տարի ապրում է առանց Վարդանի և Վարդանի հետ: Սակայն նա շեշտեց՝ Վարդանը մեծ ընտանիք ունի, որը  կոչվում է հայ ժողովուրդ, քանի որ Դուշման Վարդանը, որքան արյունակից հարազատներինն է, այնքան էլ հայ ազգինն է:
 ««Հերոս» բառը ես այսօր չեմ օգտագործի, քանի որ այս բառը ժամանակի մեջ աղավաղվել, փոփոխության է ենթարկվել: Ես հերոս բառից զերծ կմնամ, որովհետև մարդն իր արարքով, իր ապրած կյանքով տալիս է բանաձևը, թե ինչպես կարելի է իրեն վերաբերվել: Վարդանը հայ մարդ էր՝ համեստ, խոնարահ, ուժեղ, մարդկային: Առաջին հերթին նա մարդու մեջ մարդ էր գնահատում, թշնամու մեջ էլ էր մարդը գնահատում: Նա, լինելով հայապաշտ, միևնույն է, յուրաքանչյուր տեղ գնահատում էր մարդուն»,- ասաց Արմինե Ստեփանյանը:

Վերջինս գտնում է, որ ոչ բոլոր անուններն են կարողանում հաղթահարել ժամանակի փորձությունն և իրենց կյանքով դասեր տալ: Նա նկատեց, որ ամեն օր իրեն Վարդանը դաս է տալիս՝ սիրել մարդուն, իր աշակերտին։

«Երբ ես Բանասիրական ֆակուլտետ ընդունվեցի, Վարդանն արդեն իրավաբանականի ուսանող էր: Երբ Վարդանը ցուցակում տեսավ իմ անունը, ասաց՝ աղջիկ ջան, ես քեզանից փրկություն չունեմ, ուր գնամ պետք է հետս գաս: Շատերին թվում էր, թե ես Վարդանի ընկերուհին եմ, քանի որ միշտ միասին էինք: Եղբոր հոգատարությամբ, ընկերոջ ջերմությամբ, միասին բավական օրեր ենք անցկացրել, սակայն առաջին բանը, որ ինձ ասաց սա էր, թե խնդրում եմ հայ տղային երբեք չասես քարի մեջ արյուն կա, հոգուն ձեռքով չտաս»,- հիշեց քույրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։