Էմմա Մանուկյան. «Իմ մարմնավորած հերոսուհին հայտնվել է Դուբայում և դարձել թրաֆիքինգի զոհ»


15:15 , 29 հունիս, 2017

Հուլիսի 26-ին Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկել է 25 մասից բաղկացած «Դեպի վայրէջք» բազմասերիանոց հեռուստանովելը: Սառայի կերպարում ներկայացող Էմմա Մանուկյանը գլխավոր դերակատարներից է, ով հանգամանքների բերումով հայտնվել է Դուբայում և դարձել թրաֆիքինգի զոհ: BlogNews.am-ի հետ զրույցում Էմման պատմել է կերպարի բարդությունների, Սարգիս Գրիգորյանի հետ անկողնային տեսարանների և ամուսնու վերաբերմունքի մասին:  

«Դժվար էր կերպարը մարմնավորելը, քանի որ հոգեբանական առումով բարդ էր կերտել, բայց ես սիրում եմ ինձ տանջել: Հուսով եմ՝ հեռուստադիտողի կողմից կընդունվի, քանի որ հանդիսատեսը սիրում է այն հերոսուհիներին, ովքեր բարի են, ժպտերես, բայց Սառան մի քիչ այլ է՝ ավելի բարդութավորված կին է, ընտանեկան բարդ հարաբերությունների մեջ, աշխարհից նեղացած: Դժվար է այդպիսի հերոսուհու ընկալելը, առավել ևս՝ սիրելը»,-նշում է Էմման: 

Ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ Էմման արդեն երրորդ անգամ է աշխատում. առաջինը «Աբելի քույրը» հեռուստասերիալն էր. «Այս հեռուստանովելում խաղընկերներս նոր են։ Պետք է ասեմ, որ այս նախագծում իմ վաղեմի երազանքը իրականացավ. ես աշխատում եմ Աննա Էլբակյանի հետ, ով միշտ եղել է իմ կուռքը՝ որպես դերասանուհի: Ես իր շնորհիվ եմ որոշել դերասանուհի դառնալ և երբ իմացա, որ այս նախագծում աշխատելու եմ նրա հետ, դա ինձ համար մեծ երջանկություն էր: Սերիալում ես Աննա Էլբակյանի հարսն եմ, բայց մեզ մոտ ավանդական հարս-սկեսուր հարաբերություններ չեն»: 

Այս հեռուստասերիալում Էմման անկողնային տեսարանում է նկարահանվել դերասան Սարգիս Գրիգորյանի հետ: Իսկ այն հարցին՝ ինչպե՞ս է այս ամենին վերաբերվել Էմմայի ամուսինը, վերջինս նշեց. «Ընտանեկան խնդիրներ, իհարկե, չեն ստեղծվել, քանի որ իմ կողքին ունեմ մի մարդ, ով, բացի նրանից, որ իմ բնագավառից է, ինձ շատ լավ է ճանաչում և գիտի, թե ինչ նշանակություն ունի ինձ համար աշխատանքս: Դրա համար մենք երբեք տարաձայնություններ չենք ունենում: Ես միշտ ասել եմ, որ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ ցանկացած տեսարանում խաղալու: Այս նախագծում եղել են տեսարաններ, որ հասկացել եմ՝ ճիշտ տեղում են, և անհնար է այդ տեսարանները չխաղալ: Այստեղ չկա սկանդալ, չկա նորություն, և դա շատ նորմալ է։ Դա դերասանի աշխատանքն է և այդպես պետք է լինի»:

Դերասանուհին նշում է, որ Սարգիսի հետ կոնտակտի մեջ մտնելը հեշտ ստացվեց, չնայած որ առաջին անգամ էին իրար հետ խաղում և ծանոթանում. «Այս տեսարաններում գործի ես դնում դերասանական վարպետությունը: Ես սովորաբար անջատում եմ  իմ բոլոր զգայարանները և մտնում եմ կերպարիս մեջ: Եթե անկեղծ լինեմ, այդ տեսարաններից բավական ժամանակ է անցել, և ես հիմա ոչինչ չեմ հիշում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի