ԱՄՆ-ը խստացնում է ստուգումները 105 երկրի 280 օդանավակայանում


06:54 , 29 հունիս, 2017

Դեպի ԱՄՆ չվերթ իրականացնող ինքնաթիռների ուղևորների ստուգման ժամանակ անվտանգության միջոցառումների խստացման ամերիկյան իշխանությունների նոր պահանջները վերաբերվում են 105 երկրի 280 օդանավակայանի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության բացատրական փաստաթղթում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Դա կվերաբերվի 180 ավիաընկերությունների կողմից իրականացվող 2000-ից ավելի չվերթների։ Այդ միջոցառումներն օրական կանդրադառնան մոտ 325 հազար ուղևորի վրա։

Օդանավակայաններում պետք է կատարելագործվի ուղևորների ստուգումը տեխնիկական միջոցների օգնությամբ, առավել մանրակրկտորեն պետք է ուսումնասիրվեն անձնական էլեկտրոնային սարքերը, բացի այդ պետք է ուժեղացվեն անվտանգության միջոցառումները օդանավերի շուրջ և սպասման գոտիներում։ Գերատեսչությունը կարևոր է համարում նաև նախաստուգման հավելյալ գոտիների ներդրումը։

Ուղևորների ստուգումները խստացնելուց այս կամ այն պետության հրաժարվելը կարող է հանգեցնել որոշ դեպքերում այդ երկրից ԱՄՆ չվերթների իրականացման դադարեցման։

Փաստաթղթում նշվում է, որ չնայած անվտանգության որոշ միջոցառումներ անհրաժեշտ կլինեն անհապաղ կատարման համար, այլ միջոցառումներ կներդրվեն ժամանակի ընթացքում ՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։