Մարգվելաշվիլին ընդունել է Աֆղան Մուխթարլըի կնոջը


11:10 , 28 հունիս, 2017

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաևային։

Turan գործակալության փոխանցմամբ՝ Մուստաֆաևան ասել է, որ Մարգվելաշվիլին Վրաստանի պաշտոնատար անձանցից միակն է, որը Թբիլիսիում Մուխթարլըի անհետացումն «առևանգում» է անվանել՝ դա սպառնալիք համարելով «Վրաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»։

Հանդիպման ժամանակ քննարկվել են լրագրողի անհետացման և նրա՝ Ադրբեջանում կալանավորվելու մանրամասները, դրանում Վրաստանի պաշտոնական կառույցների դերը։ Լրագրողի ընտանիքը դժգոհ է Թբիլիսիում Մուխթարլըի առևանգման գործի հետաքննությունից։ Լրագրողի կինը դրական է գնահատել Վրաստանի նախագահի հետ հանդիպումը։

Աֆղան Մուխթարլըին առևանգել են մայիսի 29-ին Թբիլիսիում և հանձնել Ադրբեջանի իշխանություններին։