23:08 , 1 ապրիլ, 2013Յուրաքանչյուրս սիրում ենք կատակել, զվարճանալ, երբեմն նույնիսկ ստում ենք, իսկ տարվա մեջ մեկ օր` ապրիլի մեկին, դա անում է բնակչության մեծամասնությունը:
Ապրիլմեկյան իրենց կատակներով ու ստերով մեզ զվարճացրին համով Զառան` Զառա Արամյանը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը և հաղորդավար Արթուր Բախտամյանը:
Զառան ապրիլմեկյան սուտ չհիշեց, բայց փոխարենը մի միջադեպ հիշեց «Մեր բակը» 1-ի նկարահանումներից: «Կարծում եմ՝ բոլորը կհիշեն ֆիլմի այն տեսարանը, երբ Արմեն Միսակիչը տանից գնում է, իսկ ես և Աշոտ Ղազարյանը հանդիպում ենք մեր տանը: Տեսարանն այսպիսին էր. ես պետք է էրոտիկ պահվածքով, սեթևեթելով մոտենայի և նստեի Աշոտ Ղազարյանի կողքին, հետո պետք է համբուրվեինք, բայց, երկուսս էլ առաջ ենք գալիս ու… կանգ առնում: Եվ այսպես մի քանի անգամ: Ռեժիսորը նորից` մատոռ, սյոմկա, ու էլի մենք մոտ ենք գալիս ու … կանգնում: Ռեժիսորն արդեն բարկացավ. «Դե, Աշո’տ, պլյոնկան թանկ արժի»: Աշոտը` «ախր ընկերոջս աղջիկն ա է՜, չեմ կարող»: Հետո որպեսզի ավելի մեղմացնենք իրավիճակը, որոշեցինք, որ Աշոտը պետք է ձեռքս համբուրի: Աշոտ, դու Աշոտ. այնպես կրքոտ ձեռքս համբուրեց, որ անզգուշորեն կծեց ճկույթս (ծիծաղում է): Ու ես այդպես վիրավոր մատով շարունակեցի նկարահանումներս»:

Եթե Զառա Արամյանի դեպքում այս արկածից ինքն է «տուժել», ապա Գագիկ Շամշյանն իր հետ կատակ անողներից է «հաշվեհարդար տեսել»:
ArmStar.am-ի հետ զրույցում Գագիկը պատմեց. «Երբեք չեմ մոռանա այս պատմությունը (ծիծաղում է): Մի անգամ «Սուր անկյան» կոլեկտիվով միջոցառման պիտի մասնակցեինք, ու թարսի պես ինձ մոտ գործեր ծագեցին, ես էլ որոշեցի վերջացնեմ՝ նոր միանամ նրանց: Գիտեի, որ իմ գործընկերներից մեկի տանն են հավաքվել, բայց թե ում տանը, հաստատ չգիտեի: Նրանք էլ ինձ անընդհատ զանգում են` «արի, արի», ասացի` ուշ կմիանամ ձեզ: Էս «խելոքները» որոշում են իմ հետ չար կատակ անել: Մեկ էլ հեռախոսիս նամակ եկավ, որ այսինչ հասցեից հենց նոր արյան մեջ կորած երկու վիրավոր դուրս եկան: Ես անմիջապես հասկացա, որ «գլխիս սարքում են»: Ասացի, լավ, դե դուք կտեսնեք, թե ով է ավելի խորամանկ (ծիծաղում է): Զանգահարեցի ոստիկանություն, տվեցի հաղորդագրության մեջ գրված հասցեն ու ասացի, որ երկու մարդ դանակահարել են տան անդամներին, շուտ հասեք դեպքի վայր: Էս ընկերներս նստած կերուխում անելուց են լինում, մեկ էլ ոստիկանները մտնում են... Դե շարունակությունը դուք պատկերացրեք, թե ինչ է լինում: Սկսում են արդարանալ, որ կատակ են արել, ոստիկաններն էլ կարծում են, թե հենց իրենք են զանգ տվել ոստիկանություն, ամոթանք են տալիս ու դուրս գալիս:
Ես իհարկե մի փոքր ուշ միացա ընկերներիս, շատ լավ ժամանակ անցկացրինք: Այդ օրն անմոռանալի էր բոլորիս համար` բոլոր իմաստներով»:
Ինչ վերաբերվում է Արթուր Բախտամյանին, ապա նա կատակեց հենց մեր զրույցի ընթացքում: Նախ հաղորդավարն ArmStar.am-ի հետ զրույցը սկսեց ծիծաղելով, ապա մեր այն հարցին, թե օրվա հետ կապված ինչ զվարճալի դեպք, կատակ կամ սուտ կմտաբերի, Արթուր Բախտամյանն ասաց. «Իսկ դուք գիտե՞ք, որ «Պառվի ուլերից հետո»՝ ապրիլի մեկին մեռելոց է հայտարարված»: Շատ լուրջ տոնայնությամբ հնչած այս արտահայտությունը մի պահ հանդիմանանքի նմանվեց ու մեր լրագրողին թվաց, թե պարոն Բախտամյանն ակնարկում է, որ ապրիլի մեկին սուրբ Զատկի տոնին հաջորդող մեռելոցն է ու չարժի կատակել. մի վայրկյան լռությունից հետո երկուսն էլ լիաթոք ծիծաղեցին: Այս պատմության կատակի ծուղակում էլ հայտնվեց ArmStar.am-ի լրագրողը: