Թե ինչպես Էրիկ Կլեպտոնն իր «Լեյլա» երգով խլեց Ջորջ Հարրիսոնի կնոջն, ու ինչպես Կոնսուելլա Վելասկես Տորրեսը փափագեց ավելի ուժգին համբույրների...


20:03 , 1 ապրիլ, 2013

«Eagles» խմբի անվանումը լսելիս միանգամից հենց այս երգն ենք հիշում։ Նրանք գուցե ավելի լուրջ ու արժեքավոր երգեր ունեցան, սակայն դրանցից ոչ մեկը չգերազանցեց «Hotel California»-ի համբավին։ Բազմաթիվ տարբերակներ են պտտվում երգի թեմայի շուրջ, մարդիկ պարզ բառերի տակ փորձում են այլ ենթատեքստ փնտրել, սակայն Դոն Ֆելդերը՝ երաժշտության և խոսքերի հեղինակը, պատմում է. «Հուլիսյան հրաշալի մի օր էր, Մալիբու ծովափին նոր տուն էր վարձել, հյուրասենյակում նստած ակուստիկ կիթառով նվագում էր, երբ, իր խոսքերով, ինքնակամ հոսեցին «Հոթել Կալիֆոռնիայի» ակկորդները։ Այդ պահին կարծես ձեռքերիս մեջ ինչ-որ տիեզերական բան ընկավ», - պատմում է երաժիշտը։

Ի դեպ, տիեզերքի պահով. երաժշտական քննադատներից շատերը համարում են, որ Դոն Ֆելդերին այնուամենայնիվ երկրայիններն են ներշնչել։ Զարգացող երաժշտական թեման նոտա առ նոտա, գրեթե նույնն է ինչ «Jhetro Tull» խմբի «We used to know» երգը։

Հաջորդ հանրահայտ երգը Քրիս դե Բուրգի «Lady in red»-ն է։ Ըստ արտասահամանյան տեղեկատուների՝ Քրիսն այդ երգը գրել է այն ժամանակ, երբ կնոջ՝ Դիանայի հետ բաժանման եզրին է եղել։ Սակայն հեղինակն ինքը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ երգը կոնկրետ հասցեատեր չունի և նվիրվում է աշխարհի բոլոր կանանց։

Կարմիր հագած լեդիից խոսելով՝ չմոռանանք նաև սևազգեստ լեդիների մասին: «Lady in black»-միստիկ այս երգը «Uriah Heep» հայտնի ռոք խմբի այցեքարտը դարձավ։ Ինչպես գրված է սկավառակի շապիկի վրա, երգի հեղինակ Քեն Հենսլեյին անսպասելիորեն  այցելել է գյուղական փոխանորդի դուստրը, հենց այն ժամանակ, երբ ինքը ծայրահեղ ճնշված հոգեվիճակում է եղել։ Թե ինչպես է այդ հանդիպումն ավարտվել, պարզ չէ, բայց փաստ է, որ այդ հանդիպումից հետո ծնվել է գեղեցիկ մի երգ՝ նվիրված հոգևորականի աղջկան։

«Բեսսամե մուչո»՝ համբուրիր ավելի ուժգին, ահա այսպիսի թարգմանություն ունի իսպանական հիթը։ Կոնսուելլա Վելասկես Տորրեսը՝ քսաներրորդ դարի ամենահայտնի երգի հեղինակը, երբևէ չէր համբուրվել, երբ տասնվեց տարեկանում գրեց այն։ Երգը միանգամից տարածվեց տարբեր լեզուներով և ճանաչում ու մեծ հարստություն բերեց իր տիրուհուն։

Թերևս չկա ևս այսպիսի մի հիթ, որը վաթսունչորս տարվա մեջ կատարեին հարյուրից ավելի հայտնի արտիստներ։ Ամբողջ աշխարհում հայտնի երգիչները ներառում էին այն իրենց երգացանկում։ Պասիտո Դոմինգոն երգել է այն օպերային բեմի վրա։ Այս երգով են Բիթլերը սկսել իրենց կարիերան, ինչպես նաև կատարել են Էլվիս Փրեսլին, Էլլա Ֆիթսջերալդը, Լուի Արմսթրոնգը և ուրիշներ։

 

Հաջորդ հանրահայտ երգը, որ ընտրել եմ ձեզ համար, Էրիկ Կլեպտոնի Լեյլան է։ Ռոքնռոլլի պատմությունը հրաշալի շատ երգեր ունի անբաժան սիրո մասին, սակայն այս մեկը բոլորից առանձնանում է։ Երաժշտական քննադատներից մեկը խոստովանել է, որ այս երգը լսելով՝ իրեն այնպես է զգում, կարծես ներկա է հեղինակի ինքնասպանությանը։ Մի խոսքով, այս երգն այնուամենայնիվ իր սև գործն արել է։

 

«Լեյլան» մերձարևելյան և պարսկական բավականին տարածում ունեցող անուն է և թարգմանաբար նշանակում է «գիշերվա ծնունդ» կամ «սևահեր»։ Այսպիսի անվանումով երգը Էրիկ Կլեպտոնը նվիրել է հայտնի մոդել Պետտի Բոյդին, որն ամուսնացած էր Կլեպտոնի մտերիմ ընկերոջ՝ Բիթլական Ջորջ Հարրիսոնի հետ։ Պետտին պատմում է.
«Մենք թաքուն հանդիպեցինք, և Կլեպտոնը միացրեց այն. ես լսեցի ամենագեղեցիկ երգն աշխարհում։ Դա «Լեյլան» էր, երգ սիրո մասին, երբ տղամարդը սիրում էր մի կնոջ, ով ազատ չէ։ Երգը հնչեց մի քանի անգամ,  և ես ողջ ընթացքում մտածում էի. «Աստված իմ, չէ՞ որ բոլորը կհասկանան, որ այս երգն իմ մասին է»։

 

 

Ի վերջո, Պետտիի հետ հանդիպման հենց նույն օրը Էրիկ Կլեպտոնը խոստովանեց Հարրիսոնին, որ սիրահարված է նրա կնոջը։ Ընկերների հարաբերությունները սրանով չփչացան, և նրանք շարունակեցին ամուսիններ մնալ ևս մի քանի տարի, սակայն ի վերջո «Լեյլա» երգի կախարդանքի շնորհիվ Պետտին հեռացավ Հարիսոնից և ամուսնացավ Կլեպտոնի հետ։
Ի դեպ, Պետտի Բոյդը պատասխանատվություն է կրում աշխարհում հայտնի երեք ռոքնռոլլային հիթերի համար։ Ջորջ Հարրիսոնը «Something» երգը գրել է իրենց ամուսնության կապակցությամբ։ Իսկ էրիկ Կլեպտոնը նրան է նվիրել իր երկու գոհարները՝ «Լեյլան» և «Wonderful tonight»-ը: