18:01 , 1 ապրիլ, 2013
LADYNEWS-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Անի Երանյանի պատասխանները LN-ի ընթերցողների հարցերին:
Մարիամ- Ո՞ւր ես գնացել, Անի ջան: Գործնակա՞ն ուղևորություն է:
Անի Երանյան -Ես մեկնել եմ Մոսկվա, որոշ ժամանակ կբնակվեմ այստեղ: Կոնկրետ գործնական այցով չեմ եկել, բայց մտադրություն ունեմ բիզնեսի ոլորտում մի փոքր ձեռքբերում ունենալ:
Անուշ, Ջուլիա, Լուսինե - Ե՞րբ եք նորից վերադառնալու Հայաստան: Ե՞րբ կշարունակեք Ձեր դերասանական կարիերան:
Անի Երանյան -Թե երբ կվերադառնամ Հայաստան, ինքս էլ չգիտեմ դեռ, բայց հավատացնում եմ, որ եթե մի փոքր թուլացնեմ ինձ որպես մարդ, հենց վաղն էլ կգամ: Կշարունակեմ անպայման, բայց ինձ` որպես դերասանուհու և որպես ուղղակի Անի Երանյանի, 5տարվա բուռն աշխատանքից հետո հանգիստ է պետք, որպեսզի ուժերս վերականգնեմ, ինչպես նաև իմ շատ սիրելի հեռուստադիտողին հանգիստ եմ տվել որոշ ժամանակ ինձնից: Ամեն օր բոլորի տանը լինելով՝ չեմ ուզում հոգնեցնել, որպեսզի մի փոքր էլ կարոտեն:
Շուշանիկ- Կցանկանայի իմանալ, թե ունի՞ արդյոք Անին դերասանական կրթություն: Որտե՞ղ է սովորել:
Անի Երանյան- Այո, ունեմ դերասանական կրթություն: Սովորել և ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը` Սոս Սարգսյանի ղեկավարած կուրսը:

Մերի Մկրտչյան- Ո՞րն է մինչ այժմ կատարած Ձեր ամենախենթ արարքը:
Անի Երանյան -Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ խելագարվում են խենթությունների համար և շատ հաճախ է ինձ մոտ ստացվում դա: Բայց մի դեպք պատմեմ. մի օր Մոսոյի հետ զբոսնում էինք կամրջի մոտով, ասաց` կարո՞ղ ես բարձրանալ կամրջի վրա և 15 քայլ անել: Իսկ ես առհասարակ բարձրություններից վախենում եմ, ֆոբիա ունեմ: Ասացի` այո, և նրա օգնությամբ բարձրացա ու 16 քայլ անելուց հետո իջա: Այնպես որ, ինքս իմ աչքերում շատ ռիսկային քայլ արեցի:
Աննա Թադևոսյան- Ինքդ քեզ համարո՞ւմ ես լավ դերասանուհի:
Անի Երանյան -Այդ հարցին ես չեմ պատասխանի, քանի որ դրան պետք է պատասխանեք դուք և բոլոր մյուս հեռուստադիտողները: Լսածս կարծիքներից կարող եմ ասել, որ ոմանց համար` այո, ոմանց համար էլ՝ ոչ: Չեմ կարող բոլորի համար լինել լավը:
Նարե- 1. Դուք Ձեզ ավելի շատ որպես դերասա՞ն եք տեսնում, թե՞ երգչուհի:
Անի Երանյան - Ես ունեմ երաժշտական կրթություն: Ժամանակին զբաղվել եմ երաժշտությամբ, բայց սիրածս աշխատանքը և ինքս էլ ինձ համարում եմ դերասանուհի, ով պարզապես սիրում է նաև երգել:
2. Երեք բառով բնութագրեք Ձեզ, խնդրում եմ…
Անի Երանյան -Մի փոքր բարդ է ինքս ինձ նկարագրելը և այն էլ 3 բառով… Բայց ասեմ, որ վատ մարդ չեմ, հայացքիս պետք չէ խաբվել:
3. Օրվա մեջ ամենից հաճախ ի՞նչ եք անում:
Անի Երանյան -Մարտի մեկից սկսած ամենից հաճախ կարոտում եմ…(
Մայուշիկ- Հնարավո՞ր է մոտակա ժամանակներում նոր ֆիլմում Ձեզ տեսնենք:
Անի Երանյան -Մոտ ժամանակներում դժվար թե ինձ նոր ֆիլմում տեսնեք: Իհարկե, շատ եմ կարոտել աշխատանքս, բայց դեռ ոչ:
Քրիստինա- Երբևէ խանգարե՞լ է քեզ սեփական գեղեցկությունը:
Անի Երանյան -Ժամանակին խանգարել է, իսկ այժմ փորձում եմ ճիշտ օգտագործել: Չնայած ինքս կարծում եմ, որ գեղեցկությունն ավելի շատ օգնում է, քան խանգարում, բայց երբեմն էլ հակասում եմ ինձ: Ամեն դեպքում, շնորհակալ եմ կոմպլիմենտի համար (ժպտում է-LN):
Լիանկա- Ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը: Վառ հիշողություններ ունե՞ք:

Անի Երանյան -Շատ լավ մանկություն եմ ունեցել և մինչև օրս էլ վայելում եմ մանկությունս: Վառ հիշողություններ չունեմ: Երբ պատմում են ինչ-որ բան, այդ ժամանակ վերհիշում եմ… Գիտեմ, որ շատ խելոք երեխա եմ եղել:
Նարի, Մայուշիկ- Սիրելի Անի Երանյան, խնդրում եմ պատասխանել մեկ հարցի` ինչի՞ց եք վախենում:
Անի Երանյան -Վախենում եմ կորստից: Երբ քեզնից ոչինչ կախված չէ, և դու կորցնում ես սիրելի մարդկանց… Դրանից ավելի վախենալու բան չկա ինձ համար, մի բան, որում քո ուժը, ցանկությունը և էությունը չեն կարող պայքարել:
Նելլի- Զբաղվո՞ւմ ես սպորտով:
Անի Երանյան -Երբ Երևանում էի, ժամանակս այդքան էլ չէր հերիքում, որ մեկ ուրիշ բանով էլ զբաղվեի: Բայց հիմա ունեմ շատ ժամանակ և մարզասրահ եմ այցելում, լողավազան: Սիրում եմ սպորտ, նամանավանդ ֆուտբոլ և բռնցքամարտ:
Մարի Անտոնյան- Ուրիշ մասնագիտություն ունե՞ք:
Անի Երանյան -Ունեմ երաժշտական կրթություն, բայց ուրիշ մասնագիտություն ունենալու մասին մտածում եմ:
Մարիա- Հետաքրքիր է` ի՞նչ նվերներ ես սիրում ստանալ (հատկապես սիրելիից):
Անի Երանյան -Ես ամեն տեսակի նվերներ եմ սիրում: Կարևորը ուշադրությունն է, և որ սրտանց լինի և հատկապես սիրելիից:
Նարե Ալավերդյան- Կա՞ այնպիսի ֆիլմ, որում կցանկանայիք նկարահանվել:

Անի Երանյան -Այսպես պատասխանեմ հարցին` կուզեմ, որ մեր երկրում ավելի շատանան լավ սցենարիստները, շնորհքով ռեժիսորները, և միախմբված աշխատանքից ստեղծվեն շատ լավ ֆիլմեր, և կկարողանանք կերտել նոր կերպարներ:
Սեդուլ- Ո՞վ է այժմ Անիի կողքին: Ո՞վ է նրա սրտի տիրակալը:
Անի Երանյան -Ներեցեք այս հարցին չպատասխանելու համար, որովհետև ես ձեզ հետ անկեղծանում եմ որպես մարդ, որպես դերասանուհի, բայց անձնականս չեմ ուզում մասսայականացնել:
Նարե Հակոբյան- Մարդկանց մեջ առաջին բանը, որին ուշադրություն եք դարձնում և գնահատում, ի՞նչն է: Կշփվե՞ք արդյոք անծանոթի հետ և հնարավորություն կտա՞ք Ձեզ ճանաչելու:
Անի Երանյան -Յուրաքանչյուրի մեջ առաջնայինը մարդ տեսակն եմ գնահատում, անկեղծությունը: Իսկ շփվելը, իհարկե, շփվում եմ, ապա ինչպե՞ս առանց դրա: Իմ աշխատանքի մասն է կազմում շփվելը մարդկանց հետ և փոքր-ինչ թույլ տալ ճանաչել ինձ, բայց ոչ բոլորին: Իսկ սոցցանցերում փորձում եմ հասցնել պատասխանել բոլորի հարցերին, պատասխանել և շնորհակալության խոսք ասել նրանց բարեմաղթանքների և կարծիքների համար, ցավոք ոչ բոլորին եմ հասցնում:
Մել Կարապետյան- Անին և Մովսես Երեմյանը միասի՞ն են:
Անի Երանյան --Ներեցեք ))
Մարիետտա Նիկոյան- Եթե ստիպված լինեք ընտրություն կատարել սիրած էակի և աշխատանքի միջև, ինչպե՞ս կվարվեք:
Անի Երանյան -Միանշանակ ընտանիքից առավել ոչ մի աշխատանք և ոչ մի այլ բան չի կարող լինել, որովհետև կնոջ համար կանացի լիարժեք եջանկությունը հենց կայանում է ընտանիք ունենալու մեջ, բայց ես համոզված եմ, որ իմ կողքին կլինի այնպիսի տղամարդ, ով ամեն հարցում ինձ կօգնի և կգնահատի: Մի խոսքով` մարդուն սիրելու և ընդունելու դեպքում ես ընդունում եմ նրան այնպիսին, ինչպիսին կա և այն ամենով, ինչ նա ունի: Կարծում եմ` իմ կյանքում այլ կերպ չի կարող լինել:
Դիանա- Անի Երանյանն ամուսնանալո՞ւ է «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի Սաշի կերպարը մարմնավորող Մովսեսի հետ:
Անի Երանյան -Ֆիլմում` ոչ, կյանքում` չգիտեմ )) :
Վաչագան Ադամյան- Ձեր մարմնավորած ամենասիրելի կերպարը ո՞րն է:
Անի Երանյան -Իրոք իմ ոչ մի խաղացած կերպար չեմ կարող առանձնացնել, որովհետև ամեն մեկի կյանքով ապրել եմ նույն ոգևորվածությամբ, նույն անհանգստությամբ: Նրանցից յուրաքանչյուրին ես սիրում եմ:
Ինգա Մկրտչյան- Նկարահանվելո՞ւ եք արդյոք ուրիշ հեռուստասերիալներում:
Անի Երանյան -Կնկարվեմ հեռուստասերիալներում, թե ոչ, չգիտեմ, ժամանակը ցույց կտա, բայց որ կշարունակեմ իմ աշխատանքը, դա հաստատ է:
Անի Նավասարդյան- Անի ջան, հնարավո՞ր է Մոսկվայում տեսահոլովակ նկարահանես:
Անի Երանյան -Մոսկվայում տեսահոլովա՞կ: Ոչ, չեմ կարծում, թե կարիքը կա:
Կլարա- Իսկ կարելի է իմանալ, թե ի՞նչ բիզնես ունես Մոսկվայում:
Անի Երանյան -Հենց վերջնական փուլին հասնեմ, ունենամ, անպայման կասեմ:
Նարինե Միքայելյան- Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը, դերասանուհին, դերասանը:
Անի Երանյան -Քանի որ չունեմ «ամենասիրած» ոչ մի բան, կան ֆիլմեր, որտեղ կամ հավանում եմ դերասանի խաղը, կամ ռեժիսորական աշխատանքը, կամ օպերատորականը: Կան դերասաններ, որոնց կոնկրետ ֆիլմերում եմ սիրում, նշեմ մի քանիսին` Մեգ Ռայան, Քամերոն Դիազ, Մերիլ Սթրիփ, Շերոն Սթոուն, Շերլիզ Թերոն, Անջելինա Ջոլի, Ջուլյա Ռոբերթս ու շատ-շատեր… Ջորջ Կլունի, Ալ Պաչինո, Բրեդ Փիթ, Անտոնիո Բանդերաս, Մել Գիբսոն, Միկի Ռուրգ, իսկ ֆիլմերից` «Бойцовский клуб», «Монстр», «Титаник» և այլն:
Քրիստինե Գրիգորյան- Ունե՞ք առաջարկներ նկարահանվելու նոր նախագծերում:
Անի Երանյան -Առաջարկներ կան իհարկե, բայց կիրականացնենք ընդմիջումից հետո:
Արմինե Աբաջյան- Ուզում եմ միշտ ժպտաս: Ո՞ւմ հետ ես շփվում հայկական շոուբիզնեսից:
Անի Երանյան -Ժպտացի, շնորհակալ եմ: Շփվում եմ շատերի հետ, բայց չեմ կարևորում այդ փաստը: Ինձ համար ամենակարևոր մարդկանցից շատ քչերը կապ ունեն շոուբիզնեսի հետ:
Թիմա Մուրադյան- Ի՞նչ անուններ եք նախընտրում` տղայի և աղջկա:
Անի Երանյան -Նատալի, Մարիա, Վարդան, Ալեքս:
Նարինե Օրդյան- Ինչպե՞ս եք վերաբերվում վաղ տարիքից սիրային հարաբերությունների մեջ մտնելուն:
Անի Երանյան - Ոչ մի բան ժամանակից շուտ կամ ուշ ճիշտ չէ և լավ չէ: Կարծում եմ` ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի:

Ամալյա Նալբանդյան- 1. Ինչպե՞ս ես վերաբերվում այն մարդկանց, ովքեր քննադատում կամ չեն գնահատում աշխատանքդ:
Անի Երանյան -Առողջ քննադատություններին շատ նորմալ եմ վերաբերվում. եթե կա գնահատելու հնարավորություն, ամեն մարդ իր մեջ գնահատականը տալիս է, չես կարող բոլորի համար լինել լավը, գեղեցիկ և գնահատված:
2. -Հետևո՞ւմ ես առողջ ապրելակերպին:
Անի Երանյան -Այ առողջ ապրելակերպին հետևելը մի փոքր դժվար է: Իմ պատկերացրած առողջ ապրելակերպին փորձում եմ հետևել, բայց կարծում եմ, որ ոչ մեկի կյանքում չի ստացվում այն մաքսիմալ կերպով ապահովել:
Արմինե- Ինչո՞ւ այլևս «Թոփ 10» չես վարում:
Անի Երանյան - Չեմ վարում այն պատճառով, որ այլևս Երևանում չեմ, բայց շատ ուրախ եմ, որ այն վարում է Գևորգյան Արևիկը, կարծում եմ` շատ գեղեցիկ և նորովի կներկայացնի, կարդարացնի բոլորի սպասումները: Հաջողություն եմ մաղթում նրան:
Ռիմա Հարոյան- Բարև Անի ջան, շատ եմ սիրում քեզ և որպես դերասանուհու, և որպես մարդու: Ի՞նչ ֆորմատի հաղորդման կամ սերիալի մեջ կցանկանայիր նկարահանվել:
Անի Երանյան -Բարև ձեզ, շնորհակալ եմ: Կարևորը լավը լինի, ճաշակով և աշխատելու հնարավորություն ունենաս որպես դերասան:
Սյուզի Ադամյան- Կյանքում յուրաքանչյուրի մոտ էլ լինում են դժվարություններ, որ քեզ թվում է` այլևս չես կարող հաղթահարել: Դուք էլ երևի բացառություն չեք ,ինչպե՞ս եք հաղթահարում և ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակում հայտնվածներին:
Անի Երանյան -Իհարկե բացառություն չեմ, և կարծում եմ, որ յուրաքանչյուրիս ամեն օրվա ամեն քայլն է դժվարություն.. Եվ պետք է պարզապես ուժեղ լինես, հավատաս ուժերիդ և առաջ գնաս, միշտ լինես այնտեղ, որտեղ պետք է և հեռանաս ճիշտ ժամանակին: Ինձ օգնել են ծնողներս և ինքս ինձ, կամքի ուժը, աղոթքներս, Աստված, բայց առաջինը ինքդ քեզ պետք է օգնես, հավատաս և միշտ առաջ…. Դժվարություններով հաղթահարածը միշտ ավելի քաղցր և պիտանի է լինում: Ինչը հեշտ է տրվում, նաև հեշտությամբ կորչում է: Հուսով եմ, որ ձեր և բոլորիս կյանքում ամեն դժվարություն ճիշտ կհաղթահարվի:
Բացի հարցերից, բազմաթիվ ընթերցողներ Անիին էին հղել իրենց բարեմաղթանքները, ողջույնի և հիացմունքի խոսքերը: Չանտեսելով ոչ մի գրառում` Անին պատասխանում է. «Շնորհակալ եմ ձեր հղած բոլոր ջերմ ու բարի խոսքերի համար, ձեր գնահատականի, ձեր աջակցության համար»:
Համակարգեց Նելլի Ղարիբյանը