Լեզվաբանությունն էլ է գիտություն


12:30 , 25 հունիս, 2017

Մերձգիտական կամ կեղծգիտական ոլորտը լի է հայերենը հեռավոր մեկուսացած (ոչ հնդեվրոպական) լեզուներին կապող «տեսություններով», որոնք հիմնականում սարքվում են բառերի միջև եղած «աչքաչափով» նմանությունների վրա։ Ընդ որում անտեսվում են մեթոդաբանական ամենատարրական սկզբունքները, որոնք են.

1) Համեմատությունը պետք է լինի երկպլան, այսինքն` համեմատվող միավորները պետք է համատեղելի լինեն ձևով (այսինքն` պետք է արտացոլեն հնչյունական զարգացման օրինաչափությունները և ձևաբանական դիմագծերը) և բովանդակությամբ (այսինքն` պետք է ունենան նույնական կամ համեմատելի բառային կամ քերականական իմաստ):

2) Այդ երկպլան համեմատությունը պետք է ներդաշնակի հնչյունական զարգացման ժամանակագրական հենքին։

Նույնիսկ միևնույն լեզվի ներսում կարելի է ցույց տալ «աչքաչափով» համեմատությունների տկարությունը։ Էլ ո՜ւր մնաց խոսենք, օրինակ, բասկերենի, շումերերենի, պոլինեզիական և այլ լեզուների մասին։ Մի պարզ ու դիպուկ օրինակով պարզաբանեմ ասելիքս։

Բոլորիս հայտնի է ԳԱՎԱՌ ‘երկրամաս, գավառ’ բառը, գրաբարում՝ ԳԱՒԱՌ։ Սրա կողքին Դերսիմում գտնում ենք ԳԱՎԱՌ ‘առու’ բառը։ Նույն լեզուն է, ձևն էլ լրիվ նույնական է, ինչո՞ւ պիտի տարբեր բառեր լինեն, չէ՞։ Իմաստն էնքան էլ կարևոր չի. հնարավոր է որևէ կերպ հարմարացնել։ Կարելի է մտածել, օրինակ, որ հիմքում ընկած է գետակ/հեղեղատի՝ ձորի շուրջը եղած գյուղախմբի կամ երկրամասի գաղափարը. հմմտ. ՓՈՐ ‘ձորակ’, որ ստացել է ‘գավառ’ իմաստը։

Բայց լուրջ քննությունը հեշտությամբ պարզում է, որ այս բառերի նմանությունը միանգամայն պատահական է։ Չպետք է մոռանանք, որ խոսքը բաղաձայնական տեղաշարժ ունեցող բարբառներից մեկի՝ Դերսիմի մասին է։ Ուրեմն՝ եկեք ստուգենք Արմատական բառարանը՝ Կ տառի տակ։ Ու միանգամից կգտնենք ԿԱՒԱՌՆ բառը, որ ‘ջրի նեղ առու’ է նշանակում, մի երկու մատենագրական վկայություն ունի ու պահպանված է Արարատյան բարբառում ու մի շարք արևմտյան բարբառներում (ՀԱԲ 2, 561բ)։ Ակնհայտ է, որ հենց այս բառն է կ > գ օրինաչափ տեղաշարժով տվել Դերսիմի ԳԱՎԱՌ ‘ջի ընթացքը փոխելու թումբ; ջրի առու’ (տես Բաղրամյան, Դերսիմի բարբառային քարտեզը, 1960, էջ 86բ) բառը: Համ ձևն է անթերի, համ՝ իմաստը։

Այսպիսով՝ հայերեն ԳԱՎԱՌ և Դերսիմի հայ. բրբռ. ԳԱՎԱՌ բառերը համանուններ են, ծագումով միմյանց հետ կապ չունեն։ Ինչպես որ համանուն են հայերեն ՀԱՒ ‘պապ’, ՀԱՒ ‘թռչուն’ և ՀԱՒ ‘ծայր, սկիզբ’ բառերը, որ ստուգաբանական ոչ մի ընդհանրություն չունեն։ Կեղծգիտական տեսություններին հատուկ է համանունները (հաճախ՝ ապրիորի, լռելյայն ու անվարան) ստուգաբանորեն բռնակցելը՝ ի հեճուկս իմաստային և/կամ ժամանակագրական խոչընդոտների։

Գուցե կզարմանաք, բայց՝ այո, լեզվաբանությունն էլ է գիտություն։