12:35 , 22 հունիս, 2017Մեդիագրագիտություն
Հերթական հարցազրույցիս ընթացքում զրուցակցիս հարցրի, թե ով է մեդիագրագետ մարդը եւ ինչ է մեդիագրագիտությունը, նա պատասխանեց այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում այդ տերմինի նշանակությունը, սակայն հարցազրույցից հետո (մեր լեզվով ասած՝ Off record) ասաց, որ սխալ հարց էի ընտրել իր համար, քանի որ նա լրագրող չէ եւ կարող է չիմանալ, թե ինչ է մեդիագրագիտությունը։
Այդ դեպքից հետո սկսեցի մտածել՝ միգուցե ճիշտ էր ասում՝ մեդիագրագետ պետք է լինեն միայն լրագրողները, միգուցե դա մասնագիտական, ասեմ ավելին՝ նեղ մասնագիտական եզրույթ է, որի մեկնաբանությունը պարտավոր չէ իմանալ, օրինակ, ինժեները կամ ֆիզիկոսը կամ լեզվաբանը։ Այս հոդվածիս մեջ կպատմեմ մեդիագրագիտության սահմանների իմ ընկալումների մասին, կփորձեմ պարզել՝ ով է մեդիագրագետ սպառողը։
Ի՞նչ է մեդիագրագիտությունը, ո՞վ է մեդիագրագետ սպառողը
Մեդիան զանգվածային հաղորդակցման բազմաշերտ միջոց է, մեդիագրագետ է այն մարդը, ով հստակ պատկերացնում է ինչպես ճիշտ օգտվել զանգվածային հաղորդակցման միջոցից/միջոցով։ Մեդիագրագետ մարդը, անկախ մասնագիտությունից, կարողանում է գտնել, տարածել, քննարկել, մեկնաբանել տեղեկատվությունը՝ պահպանելով գրագիտության որոշակի սահմաններ։
Գրված կանոններ, որպես այդպիսին, չկան, որոնց հետևելով դու կարող ես հանգիստ շունչ քաշել և քեզ մեդիագրագետ անվանել։ Սակայն կան չգրված, բայց կարևոր և առավել տարածված չափանիշներ։
Մեդիագրագետ լրագրողը
Լրագրողը տեղեկատվությունը պետք է կարողանա գտնել, տարբերակել, դարձնել հնարավորինս մատչելի եւ հասկանալի։ Մեդիագրագետ լրագրողը չպետք է խեղաթյուրի տեղեկատվությունը, չպետք է ներկայացնի ըստ իր կամ խմբագրության հայեցողության, չպետք է կատարի պատվեր, թաքցնի փաստերը և, ամենակարևորը, չավելացնի սեփական ենթադրություններն ու մեկնաբանությունները, պետք է բացառի մանիպուլյացիոն ինդիկատորները նյութի մեջ։
Մեդիագրագետ լրագրողի համար կարևոր է արտահայտման ամենահասկանալի, մատչելի լեզուն, ամենակարեւորը՝ դրա արտահայտման միջոցը։
Մեդիագրագետ լրագրողը չպետք է մեդիասպառողին ներկայացնի նյութը բովանդակությանը չհամապատասխանող գլխագրով։
Պետք է խուսափի ժամանակավրեպ նյութեր հրապարակելուց։ Շատ հաճախ մեդիասպառողը տարածում է տեղեկատվություն՝ չիմանալով, չճշտելով դրա արդիականությունը։ Այսպիսով շղթակայան սխալ ընթացք է սկսվում։
Կարևոր է լրագրողի կողմից էթիկական նորմերի պահպանումը, դրանց կիրառումը սոցիալական կայքերում։ Լրագրողը պետք է հաշվի առնի, որ ինքն այլ մասնագիտություն ունեցող մարդուց տարբերվում է նրանով, որ իր տարածած նյութերն ու արված մեկնաբանությունները ընկալվում են իբրև ստույգ և ճշգրիտ։
Այդուհանդերձ, իհարկե, լրագրողը կարող է լինել գրագետ, պահպանել էթիկայի նորմերը, բայց տարածել գեղեցիկ փաթեթավարված քարոզչություն՝ մոլորության մեջ գցելով մեդիասպառողին։ Այստեղ բավարար չէ լինել պարզապես տեղեկացված և գրագետ։ Կարևոր է հիշել լրագրող լինելու իրական առաքելությունն ու չդառնալ գործիք։
Միգուցե իմ ինտերվյուերը ճիշտ էր՝ շղթայական կապի առաջին և ամենակարևոր օղակը հենց լրագրողն է։ Լրագրողը պետք է իմանա մեդիագրագիտության գրված և չգրված օրենքները, մատուցի այնպիսի ինֆորմացիոն հոսք, ստեղծի այնպիսի մեդիա աշխարհ, որտեղ մեդիա սպառողը կարող է տարածել լուրերն առանց ճշտելու և առանց կասկածելու դրանց ճշմարտացիության վրա։ Չգիտեմ, կատարյալ աշխարհում միգուցե այդպես լինի, բայց մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ կարևոր է սովորել, սերտել մեդիայի աշխարհից գրագետ օգտվելու կանոնները։
Հետգրություն․ Այս հոդվածս գրելու համար երկար ժամանակ պահանջվեց․ ոչ մի կերպ չէի կարողանում հավաքել մտքերս, փաստերն ու ձեռքիս տակ եղած նյութերը, խմբագրել ու առանձնացնել կարևոր կետերը։ Միգուցե իմ կարծիքը չհամընկնի ձեր պատկերացումների հետ, ուստի խնդրում եմ անպայման նշել այն բոլոր կետերը, որոնք, ըստ ձեզ, պետք է ունենա մեդիագրագետ մարդը։
Հետգրություն, հետգրություն
Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ նշել, որ ինձ համար մեդիագրագիտության որոշակի չափանիշ է գրադարձությունից (տրանսլիտ) հրաժարվելը։ Գրե՜ք հայատառ։
Ահա այն աղբյուրները, որոնցից օգտվել եմ հոդվածս գրելիս
Մեդիագրագիտություն. Մանանա Ասլամազյան
Սամվել Մարտիրոսյան – Մեդիագրագիտություն
Media.am – Մեդիագրագիտության ձեռնարկ
Հաջորդ հոդվածիս թեման՝ Դաջվածք․ անե՞լ, թե՞ ոչ։
*Օգտագործված լուսանկարը՝ cmfr.org կայքից։