Լինե՞լ, թե՞ չլինել «STAR»-ին


09:22 , 1 ապրիլ, 2013

Վերջերս այս թեմային շատ են անդրադառնում, որոշեցի ես էլ կարծիք հայտնել, միգուցե ինչ-որ մեկին հետաքրքրի կամ անգամ մտածելու տեղիք տա:

Չգիտեմ, նկատե՞լ եք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ են խոսակցությունները «Սթար» սուպերմարկետների ցանցի մասին: Այն, որ ցանցը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, բոլորն էլ գիտեն, հենց ղեկավարությունը դրա մասին մի քանի անգամ նշել է: Բայց դե ինչեր ասես թե չլսեցինք այս ընթացքում: Նախ, խանութները մի քանի ամիս դատարկվել էին, չնայած որ հիմա արդեն սկսել են լցվել, ու ապրանքատեսականի կա: Ու բացի նրանից, որ մեծ պարտքեր ունեն, ասում էին նաև, որ ցանցը փակվելու է: Բայց դե պաշտոնական աղբյուրներն ասում են, որ ցանցը չի փակվելու, իսկ փակվել են այն խանութները, որոնք եկամտաբեր չեն, ու պահելն անիմաստ էր: Մի քանի խանութներ իրոք փակվեցին, բայց դե ցանցը կա: Ամեն դեպքում, դեռ 20-ից ավել խանութ ունի «Սթարը» քաղաքում, այնպես որ իրենք էլ են ժխտում փակվելու լուրը: Վերջին հրապարակումներում էլ կարծիքներ կարդացի, որ կառավարության ներկայացուցիչներից ոչ մեկը չկա «Սթարի» փայատերերի կազմում, դրա համար պետությունը, մեղմ ասած, «թքած ունի» «Սթար»-ի ու նրա ապագայի վրա: Շատ մեկնաբանություններ էլ կարդացի և՛ Ֆեյսբուքում, և՛ այլ բլոգերում, շատերը բողոքում են, թե վատ խանութներ են, ու կես կատակ, կես լուրջ հարցնում՝ «դեռ չի՞ փակվել»:

Ես ինձ «Սթար»-ի հավատարիմ հաճախորդ չեմ համարում, առևտուր ցանցից արել եմ, երբ դրա անհրաժեշտությունը եղել է, բայց ոչ շատ հաճախ: Բայց ինձ համար միևնույն չի՝ կփակվի այս ցանցը, թե ոչ, հիմա բացատրեմ, թե ինչու: Միգուցե իրոք այս պահին «Սթար»-ը իր տեսականիով չի զարմացնում, կամ սպասարկման մեջ որոշ թերություններ կան, բայց եկեք ավելի լուրջ մտածենք ու կտեսնենք, որ դաշտում տիրող վիճակը, իրոք, մտահոգության տեղիք է տալիս: Ախր «Սթար»-ը փոքր խանութ չի, ու խոսքը մի ինչ-որ կրպակի փակվել կամ չփակվելու մասին չի, այլ մեծ սուպերմարկետների ցանցի… Այսօր դաշտում 3 խոշոր ցանցեր կան՝ «Սթար», «Երևան Սիթի» և «Սաս»: «Սաս»-ը իր մակարդակով տարբերվում է մյուսներից, հատկապես գնային քաղաքականությամբ ու սպասարկում է հիմնականում բարձր խավի ներկայացուցիչներին: Հետևաբար, խոսքը միայն կգնա երկու ցանցի մասին, որոնք այս պահին մանրածախ առևտրի գիգանտներն են համարվում ու, հաշվի առելով, որ «Սաս»-ից հիմնական առևտուր անող մեծահարուստ խավը կազմում է բնակչության միայն 20-30%, հետևաբար մեզ՝ մնացած հիմնական մասին, բաժին են ընկնում հենց «Սթար»-ն ու «Երևան Սիթի»-ն:

Ի՞նչ է ստացվում, որ այդքան բողոքող ու «Սթար»-ի փակվելն ուզող մարդկանց ցանկությունը եթե կատարվի, ապա կստացվի, որ խոշոր սուպերմարկետների ցանց որպես այդպիսին մեզ համար կմնա միայն  «Երևան Սիթի»-ն: Ու ի՞նչ կկատարվի: Դաշտում ոչ ավել, ոչ պակաս կձևավորվի մոնոպոլիա, այսինքն՝ նույն հացի ու ձեթի գինը եթե առաջ մրցակցության արդյունքում գոնե որոշվում էր մրցակցային եղանակով, ապա այս դեպքում արդեն ինչ ուզեն, այն էլ կլինի: Եկեք խոսենք փաստերով. վերջերս մամուլում ավելացված հունվար ամսվա գնաճի մասին այսպիսի ինֆորմացիա գտա. «2013-ի հունվարին 2012թ. նույն ամսվա համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 2.6%: Այս տարվա հունվարին նախորդի համեմատ արձանագրվել  է սպառման ապրանքների 2.7%, պարենամթերքի՝ 1.9%, ոչ պարենային ապրանքների՝ 6% աճ: Իսկ 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.1% գնաճ»: Ձեզ այս թվերն ինչ-որ բան ասացի՞ն: Ինձ որ շատ բան են ասում:

Շարքային քաղաքացու միջին աշխատավարձը չեմ հիշում թե վերջին ժամանակներում բարձրանա, բայց ամեն տարի գնաճ է գրանցվում: Այսինքն՝ հարցն այստեղ խանութ փակել կամ չփակելու մեջ չէ, այլ հասարակ սպառողի հնարավորությունների և շահերի: Որքան դաշտում շատ լինեն խանութներն ու սուպերմարկետները, այնքան մրցակցությունը կբարձրանա, ու դրանից միայն սպառողը կշահի:

Էլ չեմ խոսում այն մասին, որ «Սթար»-ի փակվելու դեպքում 1000-ից ավել աշխատող կմնան գործազուրկ: Ովքե՞ր են այդ մարդիկ. մենք ենք՝ մեր հարզատներն ու ծանոթները: Եթե անգամ մենք չենք աշխատում «Սթար»-ում, ապա մեզանից յուրաքանչյուրը մի ծանոթ, հարևան կամ բարեկամ երևի կունենա ցացնում: Առանց այդ էլ քաղաքում աշխատանք գտնելը հեշտ չի, հիմա պատկերացրեք՝ ցանցը փակվի ու ի՞նչ: Մեկ րոպեում գործազուրկների թիվը քաղաքում կավելանա ավելի քան 1000-ով: Ու էլ չեմ ասում, թե դրանցից քանի՞սը կբռնեն արտագաղթի ճամփան…

Ո՞վ է տուժելու «Սթար»-ի փակվելու դեպքում: Իհարկե, ինչպես միշտ մենք, այսինքն՝ ժողովուրդը: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես որ հաստատ չեմ ցանկանա՝ այս ցանցը փակվի, ու ոչ թե նրա համար որ ցանկանում եմ առևտուր անել միայն այդ խանութներում (չնայած դա չի բացառվում, եթե նորից մեծ տեսականի լինի), այլ պարզապես մեր մասին եմ մտածում:

Ի դեպ, ցանկացած նորմալ պետությունում նման իրավիճակում կառավարությունը միջամտում ու օգնում է, որպեսզի պետությունը նման տնտեսական մեծ խնդրի առջև չկանգի, վերջապես դա գլոբալ հարց է: Բայց դե քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, որտեղ ամեն ինչ արվում է այնպես, ինչպես բոլորս լավ գիտենք, ապա մեր մասին այս պարագայում էլ մտածողը միայն երևի մենք պետք է լինենք: Թե չէ, ոնց հասկանում եմ, մի քանի օլիգարխ որոշել է արդեն, որ մեզ «Սթար» ցանց էլ պետք չի: Դե բա ի՞նչ մրցակցություն, ի՞նչ բան, նման թիթիզ բառերը Հայաստանի համար չեն:

Ու քանի որ պետությունից ես որ հույսս կտրում եմ տվյալ դեպքում, իսկ ժողովուրդն էլ, ոնց տեսնում եմ, միայն «քլնգելուն» է սովոր, միակ հույսը դնում եմ «Սթար»-ի ղեկավարության վրա, որը փակման լուրը ամեն դեպքում հերքում է, ինչից ստացվում է, որ ամեն ինչ այդքան էլ անհույս չի, որքան շատերը միգուցե ուզում են ներկայացնել: Ամեն դեպքում, «Սթար»-ի ղեկավարության դիրքորոշումը դուրս գալիս է. անընդհատ հերքում են փակման մասին խոսակցությունները ու կարևորը, որ չեն «նվնվում» ու ամեն դեպքում պայքարում են:

Մի խոսքով, հուսով եմ, որ «Սթար»-ը կշարունակի գործել, մեղք է ախր մեր ժողովուրդը:

Հ.Գ. Հետաքրքիր է՝ կա՞ մարդ, ով այս հարցին ինձ նման է նայում: