Մեր քաղաքական կյանքը լի է ստով. ապրիլի 1-ը կարելի է անվանել «քաղաքականության օր»


09:12 , 1 ապրիլ, 2013

Իսկ մեր հայաստանյան ներքաղաքական կյանքը միշտ էլ ապրիլի 1-ն է հիշեցնում: Հայաստանի կառավարությունը 2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը պետականորեն ճանաչել է որպես Հումորի եւ երգիծանքի օր, իհարկե, եթե քաղաքական առօրյան վերցնենք, ըստ իս, այստեղ մի վրիպում կա (բաց է թողնված քաղաքական բառը, այսինքն՝ քաղաքական հումորի և երգիծանքի օր...): Եվ այսպես, մեր քաղաքական առօրյան միշտ էլ ինձ հիշեցրել է ապրիլի 1-ը, քանզի այնտեղ առկա են այնպիսի զարգացումներ, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն մտնում: Կան իրականություններ, որոնք պահի տակ քեզ ապատեղեկատվություն են հիշեցնում: Եվ այսպես, ինձ ապատեղեկատվություն հիշեցրեց, երբ`
Երբ 2012-ի վերջին` 2013 թ.-ի նախագահականից առաջ, տեղեկացա, որ պառլամենտական երկրորդ քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, իր մասնակցությունը չի ունենալու ՀՀ նախագահականի ժամանակ,
Երբ նույն ժամանակ ՀԱԿ-ը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին, չնայած դրանից մոտ մեկ տարի առաջ նրանք պահանջում էին արտահերթ նախագահական ընտրություններ,
Երբ ՀՅԴ-ն նույնպես հայտարարեց, որ չի մասնակցելու, քանզի նրանք միշտ հնչեցնում էին, թե միայն ՀՅԴ-ն է ի զորու լուրջ ծրագրերով երկիրը հանել այս մղձավանջից,
Երբ որոշ քաղաքական ուժեր, չնայած այն հանգամանքին, որ ոչինչ չէին արել, որպեսզի Րաֆֆին հաղթի, իսկ շատ դեպքերում հանդես էին եկել Րաֆֆու գաղափարախոսությանը դեմ, թատերական հրապարակում կանգնեցին իր կողքին և սկսեցին «ձևավորել» նոր կառավարություն,
Երբ կարդում եմ «ֆանտաստիկա» հիշեցնող կարգախոսները,
Երբ կարդում եմ, որ մեր տնտեսության փլուզման հնարավոր մեղավորներից մեկը՝ գործող վարչապետը, կարող է նորից մնալ և պաշտոնավարել,
Երբ լսում եմ, որ կան բազմաթիվ ծրագրեր արտագաղթը կանգնեցնելու համար, սակայն հակառակ դրան արտագաղթը շարունակվում է,
Երբ լսում եմ, որ մենաշնորհի վերացման ուղղությամբ լուրջ դրական քայլեր ենք արձանագրել,
Երբ տեսնում եմ, որ Երևանի ավագանու ցուցակում ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն մոտ երեք անգամ ավել մարդ է ներկայացրել, քան ավագանու թիվն է (65),
Երբ տեսնում եմ, թե ինչքան են օտարվել ընդդիմությունը ու իշխանությունը ժողովրդից, սակայն երկուսն էլ խոսում են ժողովրդի անունից: