Մերի Մնջոյան. «Դեռ կտեսնենք` ով ռեստորանում կերգի, ով մեծ բեմերում»


20:06 , 31 մարտ, 2013

Երեկ` մարտի 30-ին, ավարտվեց 2012 թվականի աշնանը  «Արմենիա»  հեռուստաընկերության նախաձեռնությանբ կազմակերպված ամերիկյան  «The Voice»  նախագծի հայկական տարբերակի եզրափակիչ փուլը:  Հայաստանի ձանն է Մերի Մնջոյանը:

Ինչպես esyes.am-ի հետ զրույցում ասաց Մերին` հաղթելու իր շանսերը գնահատում էր 50/50:

 

«Ցանկությունս մեծ էր: Եզրափակչում կատարածս երգը աղոթք էր առ Աստված. աղոթքս հասավ Աստծուն: Սա ուղղակի եզրափակիչ փուլ չէր, այլ մի մեծ համերգ, շոու»,- ոգևորված պատմեց Մերին:

Եզրափակչում կատարած իր բոլոր երգերը Մերին ընտրել էր մարզչի` Սոնայի հետ, և նրանց զուգերգն էլ Սոնայի երգացանկից «Desperation»-ն էր:

«Բոլոր երգերը ընտրել ենք Սոնայի հետ: Մեր զուգերգն էլ նրա երգացանկից էր, որը ես էլ շատ եմ սիրում: Առաջին կատարումս աղոթք էր առ Աստված: Այդ էի ընտրել, քանի որ կույր լսումներին ես երգել էի «Ալելուա» կատարումը և ուզում էի, որ եզրափակչում էլ այդպիսի երգ կատարվի»,- պատմեց Հայաստանի ձայնը:

 

 

Նշենք, որ եզրափակիչ փուլում պայքարում էին Թաթայի թիմից Իսկուհի Հովհաննիսյանը, Արտո Թունջբոյաջյանի խմբից Գայա Արզումանյանը և Սոֆի Մխեյանի թիմից Նարեկ Մակարյանը:

Մրցանակները շատ էին. Եվրոպայի ուղեգիր՝ երկու անձի համար, արտերկրում երգ ձայնագրելու հնարավորություն, բջջային հեռախոս և ֆոտոխցիկ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց հաղթած երգչուհին, դեռ չի որոշել՝ ո՞ւր և ո՞ւմ հետ է մեկնելու, եվրոպական որ երկիրն է գնալու, ինչպես նաև՝ իր հետագա անելիքները:

 

 

«Դեռ ոչինչ չեմ որոշել: Մոտակա օրերս «Արմենիա» հեռուստաընկերության տվյալ նախագծի կազմակերպիչների հետ կորոշենք, թե ո՞ր երկրում եմ ձայնագրվելու և ո՞ւմ հետ եմ աշխատելու».- ասաց Մերին:

Երաժշտական հեռուստանախագծի ավարտից հետո Մերին միայն հասցրել է երգչուհի Սոնայի, նախագծի մասնակիցների հետ իր հաղթանակը նշել երևանյան ջազ ակումբներից մեկում և հետո մի լավ քնել:

Մերի Մնջոյանի հաղթանակին բացասական էր արձագանքել երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Արտո Թունջբոյաջյանը` հայտնելով հետևյալ կարծիքը. «Մերի Մնջոյանը վաղ թե ուշ ռեստորանում է երգելու»: 

 

 

Հայտնի երգչի կարծիքը անակնկալ էր Մերիի համար:

«Ճիշտն ասած, անակնկալ էր ինձ Արտոյի նման արձագանքը: Աստված վերևում է, և դեռ կտեսնենք` ով ռեստորանում կերգի, ով մեծ բեմերում».- փոխանցեց երգչուհին:

esyes.am-ը շնորհավորում է Մերիին և մաղթում նորանոր հաղթանակներ և մեծ բեմեր: