12:42 , 31 մարտ, 2013
...եւս մի նկատառում` չարաշահեմ ապաշխարհելու համար հատկացված այս օրը: Նորից քննադատության, արհամարհանքի ու պարսավանքի խոսքեր են հնչում դերասան, հեղինակ Սերգեյ Դանիելյանի` Յոժի հասցեին: Երեւի թե ծաղրածուին ականջ դնելու համար պետք է կամ իսկական արքա լինել, կամ իսկական ժողովուրդ: Ծաղրածու լինելը մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, իմ ողջ մասնագիտական փորձը խոսքերիս մեջ ներդնելով` այսօր ոչ միայն Հայաստանում, այլ Եվրոպայում չկա Յոժի պես յուրահատուկ դերակատար: Նկատի առնելով, որ «Սերյոժիկ» ներկայացումը նա ոչ միայն խաղում է, այլ նաեւ հեղինակել է, ես ամենաբարձր կարծիքի եմ նաեւ նրա դրամատուրգիական տաղանդի մասին: Նրա հրապարակախոսական «խուլիգանությունը» շատերին դուր չի գալիս: Հասկանալի է: Թթու խոսքեր է օգտագործում, վիրավորում է մարդկանց, երբեմն ակամա: Նա Ծաղրածու է: Եթե Ռուբեն Հախվերդյանը մեր ժամանակի Երեւանի Պոետն է` խենթ, նուրբ, կոպիտ, խմած, ուշունց տվող, արտասվող (բա պոետն այսպիսին կլինի` բա Չարենցը, Շիրազը այդպիսին չէի՞ն), ապա Սերգեյ «Յոժ» Դանիելյանը մեր քաղաքը Քաղաք է դարձնում հենց իր ծաղրով ու ծիծաղով: Չե՞նք դիմանում: Ուրեմն քաղաք ու քաղաքակրթություն չենք: Պոկել նրա խոսքերից մի քանիսն ու հակադրել նրան ազգային արժեքներին, «ազգայնականությանը»` սխալ է: Նա իսկական հայրենասերի պես խոսում է մեր թերությունների, սխալների, հիմարությունների մասին: Սա է Ծաղրածուի առաքելությունը: Նա թանկ է վճարում այս իրավունքի համար, բայց նա իսկապես ունի այս իրավունքը: Իսկ մենք նրան լսելու պարտականություն ունենք: Եթե իհարկե քաղաքացի ենք, քաղաքակիրթ ենք, հասարակություն ենք: Ասում են «գյուղ չկա, որ շուն չլինի»: Գյուղ` միգուցե: Բայց եթե նա շուն է, ապա գամփռ շուն: Երբ գայլերն են շուրջը, շներն են փրկում: Երբ արքան մերկ է, մանուկն ու ծաղրածուն են ասում դա: Որքան էլ դա ոմանց դուր չի գալիս: