ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արամ Մանուչարյան


14:41 , 31 մարտ, 2013

 

1990-94-ականներին Արամ Մանուչարյանը եղել է ՀՅԴ մարտական կառույցի ղեկավարը, ջոկատների կազմավորման, մարզման, մարտական գործողությունների մշակման եւ իրագործման պատասխանատուն: Մինչեւ 1992 թվականը մարտական գործողությունների ակտիվ մասնակից է եղել: Շուշիի ազատագրումից հետո առավելապես զբաղվել է ջոկատների մարզումներով ու հավաքագրումներով: Մասնակցել է բազմաթիվ մարտերի Արցախում ու ՀՀ սահմաններում: 
«Այն ժամանակ մեր երկիրը կործանվեց երեք էությունների շնորհիվ. թուրքական էությունը կոտորեց, հետո՝ քուրդը եւ սուտ եվրոպացին: 
Այդ երեք էությունների պատճառով մենք այսօր նույն եղեռնն ենք ապրում: Թուրքն այսօր պճնամոլությունն ու շահամոլությունն է, քուրդը հրոսակն ու բարբարոսն է: Սրանց գումարվել է նաեւ սուտ եվրոպացին»: Հետաքրքրվեցինք, թե՝ ըստ մեր զրուցակցի, ի՞նչ պետք է անի այսօր հայն իր ազգապահպանման խնդիրը լուծելու համար, հատկապես, երբ առկա են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, իսկական եվրոպացի դառնալու եւ Արցախի չլուծված հարցեր: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին այժմ խոսելը դեռ վաղ է, որովհետեւ դեռ չեն հստակեցվել բոլոր այն եզրերը, որոնցով կարելի էր նստել բանակցությունների: Իսկ այն, ինչը հիմա արվում է, ընդամենն Արեւմուտքի պարտադրանքն է: Իսկ այս ամենից դուրս գալու համար, այն էլ՝ հաղթանակած, մեր ժողովուրդն իր մեջ պետք է վերականգնի ազգային եւ հոգեւոր արժեքները: Այն, ինչ տեղի ունեցավ 1988-ին: Ի դեպ, 88-ին տեղի ունեցածը նման էր ձայնային-ռեզոնանսային թնդանոթ կոչվող զենքին, որի մի նոտայի տակ պատեր կարելի էր ջարդել: Այսօր այդ նոտան չունենք, կամակատար ենք դարձել»,- կարծում է նա: Հարցին՝ ազգային հոգեւոր արժեքներին վերադառնալու հարցում իշխանությո՞ւնն ավելի շատ անելիք ունի, թե՞ ընդդիմությունը, Արամ Մանուչարյանը պատասխանեց. «Սարդարապատի կռիվը որ սկսվեց, առաջինը հոգեւորականները զենք վերցրեցին: Տրամաբանությունը հուշում է, որ եկեղեցին պիտի դրանով զբաղվի, բայց... Իսկի իշխանություն չունենք. այ, երբ կունենանք մեր իշխանությունը, նոր կմտածենք, թե ով ինչով պիտի զբաղվի»: 
Հարցին՝ չե՞ք կարծում, որ հասարակությունն այնքան հուսալքված ու անտարբեր է, որ արդեն ոչնչի եւ ոչ ոքի հավատալ չի ուզում, Արամ Մանուչարյանը հակադարձեց. «Եթե համեմատենք Սարդարապատի ճակատամարտի շրջանի հետ՝ չէ: Այն ժամանակ ավելի կոտրված էր, եղեռն տեսած: Չնայած այն ժամանակ ֆիզիկապես էին ոչնչացրել, իսկ հիմա հոգեւոր եղեռն է. դա ավելի վտանգավոր է: Արեւմուտքից եկած շահամոլությունը, որը մտավ մեր ժողովրդի մեջ, շատ դժվար է հանել: Վաղը-մյուս օրն Արեւմուտքն իր Աստվածաշունչն էլ է փոխելու. եթե գրված է՝ «Ի սկզբանէ բանն էր», իրենք գրելու են՝ ի սկզբանէ բանկն էր, հետո Աստված հիպոթեքային վարկ վերցրեց՝ սարքեց երկինքն ու երկիրը: Այդ ամենն արմատախիլ է պետք անել մեր ժողովրդի միջից: Երբ սկսվեց կոմունիստական տոտալ ռեժիմի դեմ եւ ազատության համար պայքարը, մարդիկ այս ազատության համար չէին պայքարում: Սա ազատություն չի: Սա ավելի մեծ զնդան է, քան այն, ինչն ունեինք: Այն ժամանակ հարգում էին մարդուն, կարեւորում, եւ դա մատուցվում էր: Հիմա մատուցվում է սուրճ ու ջերմուկ: Ազգով դարձել ենք սպասարկող երկիր»: Բայց մեր զրուցակիցը լավատես է. «Պատմությունը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում միշտ էլ հայտնվում է այն մեկը, ում հետեւից ժողովուրդը գնում է եւ ասում իր «ոչ»-ը»: