11 դուստրեր ունեցող ընտանիք. վիրահատության կարիք ունեցող մայր


18:57 , 30 մարտ, 2013

Մեր երկրում կան շատ բազմազավակ ընտանիքներ: Հաճախ ենք լսում, որ նրանց ապահովում են բնակարանով, օգնում նյութական տարբեր միջոցներով:

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Արմեն Սարգսյանը, որ բազմազավակ հայր է,  մանկուց եղել է 2-րդ կարգի հաշմանդամ: Նա հայրենի բնօրրանին նվիրված և ընտանիքը սիրող մարդ է, որին երբեք չի հրապուրել օտար ափերում աշխատանք գտնելու հեռանկարը, որովհետև արմատներով կապված է մայր հողին՝ հայրենի ծննդավայրին, որտեղ ապրել ու արարել էին նախնիները՝ մաքառելով բազում դժվարությունների դեմ:

Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Երեխաներն առողջ են, գեղեցիկ, խելացի, երաժշտասեր: Ծնողները, առանց կողմնակի անձանց օգնության, պահել-մեծացրել են երեխաներին, հոգացել ամենօրյա հացի, սննդի, հագուստի կարիքներն ու տվել նրանց լավ կրթություն:
Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Երիտասարդ, առողջ մայրիկին ուղղակի երջանկացնում են երեխաների հաջողությունները դպրոցում: Նրա դուստրերն օգնում են դասղեկներին դպրոցական միջոցառումների ժամանակ, այս կամ այն երգի կամ ոտանավորի ընտրության հարցում:

Աղջիկներից գոնե մեկին բարձրագույն կրթության տալու մոր երազանքը չիրականացավ: Նյութական դժվարությունները հաղթահարող ընտանիքը միայն ապրուստի խնդիրներն է կարողանում հոգալ:

Արմենը զբաղվում է հյուսնությամբ: Երեխաների մեծանալու հետ սկսեց զբաղվել մեղվաբուծությամբ  ու ծիրանենիների հրաշալի այգի ստեղծեց: «Գարնանը ընտանիքով ծիրանենիների տակ հանգստանում ենք. երջանիկ եմ, որ երեխաներս օգնում են   այգինմշակելիս, իսկ հանգստի ժամերին հաճույքով գիրք են ընթերցում»,-  պատմում էընտանիքի մայրը՝ Շողիկը:

Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ ինքն ու կինը թունավորվեցին պահածոյացված սննդից: Բժիշկների շնորհիվ նրանց առողջությունը վերականգնվեց, բայց ոչ լիովին: Արմեն Սարգսյանն էլ չունի նախկին աշխատունակությունը, կորցրեց ապագայի նկատմամբ հույսը, բայց կինը կարողացավ նորից ամուսնուն օգնել՝ դուրս գալու հոգեկան ծանր վիճակից:
Հայ կինը միշտ էլ իր լավատեսությամբ, ամեն ինչի մեջ լույս փնտրող բնավորությամբ ու հավատքով կարողանում է կյանքի դժվարին պահերին հրաշքներ գործել:
Աղջիկներից շատերն ամուսնացան և երջանիկ ընտանիքներ կազմեցին և այսօր հաճախակի այցելություններով ուրախացնում են ծնողներին: Նրանք ուրախանում են ինչպես երեխաների, այնպես էլ թոռների հաջողություններով:

«Ունեմ երիկամների լուրջ խնդիրներ և կցանկանայի, որ գտնվեին բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեին ինձ: Ուրախ կլինեի, որ ֆինանսապես աջակցեին և վերջնականապես լուծվեր երիկամներիս վիրահատության հարցը»,-ասաց ՇողիկՍարգսյանը:
Աղջիկներից ամենափոքրը՝ Ռիման, ասաց. «ՈՒրախ եմ, որ ունեմ այդքան քույրիկներ, բայց հիմա նրանց շատ եմ կարոտում, քանի որ նրանք հեռու տեղ են ամուսնացել, և ես չեմ կարողանում այցելել քույրիկներիս, ես կուզենայի ունենալ համակարգիչ, որպեսզի տեսազանգի միջոցով նրանց հետ խոսեի»:
Գրում եմ ձեր մասին, հարգարժան ընտանիք, այն ժամանակ, երբ Հայաստանում կարծրատիպերը աստիճանաբար են հալվում:
Կգան նպաստավոր տարիները, երբ բազմանդամ ընտանիք ունեցող երիտասարդ զույգին ինքնադրսևորվելու, ընտանիքի հեռահար նպատակներն իրականացնելու, երեխաների բարձրագույն կրթության օրինական պահանջներն իրականացնելու ճանապարհին ձեր նմաններին զորավիգ կլինեն հայ հասարակության հայրենասեր անհատները: Նորաստեղծ ընտանիքները թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ավելի մեծ հնարավորություններ կունենան հետագա կյանքում ինքնահաստատվելու, ընտանիքի կենցաղային հոգսերը թեթևացնելու, ինչպես նաև հաղթահարելու կյանքի անսպասելի դժվարությունները::

Այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել
այս բազմազավակ ընտանիքին, կարող են զանգահարել՝
055-19-55-01, 0281-95-392

Վայոց Ձորի մարզ, գյուղ Մալիշկա, Արմեն Սարգսյան