Մազոխիզմն ավարտ չունի


13:14 , 30 մարտ, 2013

 

Ամենամղձավանջային շրջանում անգամ մխիթարիչ է լինում հիշեցումը, որ ամեն ինչ մի օր ավարտվում է: Նույն կերպ թեթեւացած շունչ քաշեցինք, երբ խաբարն եկավ, թե գեներալի աղջիկ Անի Երանյանը մեկնում է Մոսկվա, որովհետեւ սերիալն ավարտվում է: Դրանից առաջ ի՜նչ ցնծություն էր, երբ «Դաժան ապրուստն» ավարտվեց: Տարոսը մյուսներին՝ շշնջացինք ցածրաձայն, որ թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, սատանի ականջը խուլ մնա: 
Բայց, ըստ էության, բավականաչափ ցածրաձայն չենք շշնջացել: Որովհետեւ դեռ չվայելած մեծ ազատագրումը՝ լրատվական կայքերը վրա-վրա գուժեցին՝ «Ավարտվել է «Դաժան ապրուստը», բայց սկսվում է «Արյան կանչը»: Ավարտվում է «Գեներալի աղջիկը», բայց սկսվում է «Քույրերը»…»:
Բոլորս ենք հիշում այն երանելի ժամանակները, երբ Դիանա Գրիգորյանը` երիտասարդ, գեղեցկատես մի աղջնակ, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հաղորդում էր վարում, ցանքսը` թողնում հեռուստադիտողին: Վրա-վրա, արագ-արագ խոսում էր, որից ոչ ոք համարյա բան չէր հասկանում: Բայց` շատ լավ, երանելի ժամանակներ էին: Նախ` հաղորդումն էր կարճ, համ էլ էկրանին միայն Դիանան էր եւ այդ օրվա հյուրը: Ու զվարճանում էինք` հետեւելով ընթացքին, թե հյուրը արդյո՞ք կհասցնի հաջողացնել` մի երկու բառ էլ ինքն ասեր…
Անցան երանելի ժամանակները: Դիանան ամուսնացավ: Բոլորս շատ ուրախացանք: Իհարկե, նաեւ Դիանայի ամուսնության առիթով: Բայց ուրախությունը կարճ էր. այս իրադարձությունը նոր մտքեր, իդեաներ հղացրեց Դիանայի գլխում: Ծնվեց «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը»: Էլի լավ էր: Բարօրություն տիրեց հատկապես գյուղի երիտասարդների շրջանում. նորապսակներն ունեցան սառնարան, փոշեծծիչ, հանգստյան ուղեգիր, հարսի շորի, մեքենայի ձրի «պրակատ» եւ Դիանայի «թամադայությամբ» հարսանիքի ձրի նկարահանում: Ճիշտ է, ժողովուրդը մի քիչ էլ ծիծաղում էր ջահելների ու նրանց ծնողների վրա, բայց` մեկ է, լավ ժամանակներ էին, ուրախանում էինք:
Սակայն դա էլ անցավ: Եվ Դիանա Գրիգորյան երեւույթը զրկեց բոլորիս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում խինդ ու ծիծաղի առիթից եւ թեթեւացած ծախսերով հարսանիքի հնարավորությունից: Նա որոշեց, որ այլեւս պահն է հասել բավականաչափ հասունացած ֆանտազիաներին միս ու արյուն տալու:
Եվ արդեն մի քանի տարի է բավականին ահռելի թիվ կազմող սոցիալական մի խումբ թողնված է Դիանա Գրիգորյանի ու Ելենա Արշակյանի հայեցողությանը՝ նրանք ծնվում, սնվում, աճում ու մեծանում, իրենց  կյանքը դառնացնում ու քաղցրացնում են ըստ սերիալանային այս մագնատ կանանց ֆանտազիայի տարած ուղղության: Սերիալային վնասների մասին էլ չենք խոսի: Բավականաչափ խոսվել է: Եվ ոչ մի արդյունք չի եղել: Ընդամենը «Դաժան ապրուստին» եւ «Աննային» նախորդել եւ հաջորդել են «Գեներալների աղջիկներն» ու «Քույրերը»: Պարզապես վերջաբանի փոխարեն՝ մի փոքրիկ հիշատակում հոգեբան Էլդա Գրինի հիշողություններից. երկրաշարժի լուրը ստանալուց անմիջապես հետո մեկը, դուրս գալով իր կրպակից, գոռում էր` «Այդպես էլ պետք է հայերին»… Մազոխիզմի մոտիվացիաների եւ ախտանիշների մասին վերլուծությունը թողնում ենք առողջապահության նախարարությանը:
Մարինա Բաղդագյուլյան
Աղբյուրը՝ hayeli.am