Երեկ Ռուսաստանում մասսայական ձերբակալություններ են եղել


15:38 , 13 հունիս, 2017
Երեկ Ռուսաստանում մասսայական ձերբակալություններ են եղել, որտեղ գլխավոր գործող անձը նորից եղել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին։ Հայտնի փաստաբանը ձերբակալվել է սեփական տան մուտքի մոտ՝ Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ ոչ արտոնված հանրահավաք անցկացնելու պատճառաբանությամբ։ Նավալնին իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ Տվերսկայա պողոտա, որտեղով նրանք պետք է քայլեին ու հակադիր ճանապարհով հետ գային նույն վայր, իսկ երթը պիտի կրեր խաղաղ բնույթ՝ առանց որևէ քաղաքական լոզունգների։ Մոսկվայի իշխանությունները չէին արտոնել հանրահավաքը՝ հայտարարելով, որ այն ապօրինի է։ Նավալնին, սակայն, ապօրինի էր որակել հենց տեղական ինքակառավարման մարմինների որոշումն ու կողմնակիցներին կոչ արել դուրս գալ փողոց։ Եվ առհասարակ, միայն Մոսկվայում չէ, որ այդ օրը մարդիկ դուրս էին եկել փողոց։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ սկսած կենտրոնական գոտուց մինչև Ալթայի երկրամաս ու արևելյան մասեր, մարդիկ դուրս էին եկել բողոքելու երկրում կոռուպցիայի դեմ։ Հենց կոռուպցիան է Նավալնին հռչակել իր պայքարի հիմնական ուղղություն ու իր կողմնակիցների հետ ինտենսիվորեն աշխատում է ռուսական իշխանությունների վերնախավում տեղի ունեցող կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու համար։ Այս ամենի արդյունքում ռուս ընդդիմադիրը ձերբակալվել է 30 օրով։ Սա այնքան էլ խելամիտ որոշում չէ իշխանությունների համար, քանի որ ձերբակալելով Նավալանիին՝ նրանք կարող են ավելի ագրեսիվ դարձնել նրա համակիրներին, որոնք այս պահին այդքան էլ քիչ չեն։